Դատարանը Facebook-ին պարտավորեցրել է 500 միլիոն դոլար վճարել տեխնոլոգիայի գողության մասին հայցով
Facebook սոցիալական ցանցին պատկանող Oculus վիրտուալ իրականության ակնոցի արտադրողը պետք է դատարանի որոշմամբ Zenimax ընկերությանը վճարի կես միլիարդ դոլար։ Ընկերությունը մտադիր է բողոքարկել որոշումը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Zenimax-ը պնդել է դատարանում, որ Oculus-ի աշխատակիցներն օգտագործել են իր նախկին մշակումները Rift վիրտուալ իրականության ակնոցի արտադրության համար։
Ատենակալները ճանաչել են Oculus-ի հիմնադիր Պալմեր Լաքիի մեղքը տեղեկության չբացահայտման մասին պայմանագիրը խախտելու մեջ։ Այնուամենայնիվ, կոմերցիոն գաղտնիքի խախտման համար մեղադրվողների մեղքը չի ապացուցվել։
Oculus-ում նշում են, որ դատարանը չի բավարարել հայցվորի հիմնական մեղադրանքները։
«Գործի էությունն այն էր, թե արդյոք Oculus-ը գողացել է կոմերցիոն գաղտնիքով պաշտպանված Zenimax-ի տվյալները, և այդ հարցի վերաբերյալ ատենակալները մեր օգտին որոշում են կայացրել»,- հայտարարել է Oculus-ի մամուլի քարտուղարը։
Հայցվորը Oculus-ից պահանջել է 2 միլիարդ դոլար։ Այդչափ գումար է Facebook-ը վճարել Oculus-ի համար վիրտուալ իրականության ակնոցի արտադրողին գնելու գործարքի շրջանակներում։










