Համշենցիները նույնպես դեմ են Թուրքիայում կառավարման նախագահական համակարգին
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Արդվին նահանագի Խոպա քաղաքի բնակիչները, որոնց մեծ մասը համշենցի հայեր են, հատուկ տեսանյութի միջոցով իրենց բողքի ձայնն են բարձրացրել Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին ընդառաջ:
Ինչպես նշում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը՝ համացանցում տարածված տեսանյութում, որը ռեկորդային թվով դիտումներ է գրանցել, համշենցի կանայք թուրքերենով հայտարարել են, որ դեմ են քվեարկելու երկրում կառավարման նախագահական համակարգին անցման առաջարկին:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր: Այնուհետ օրենքը կդրվի հանրաքվեի, ինչից հետո էլ կկայացվի վերջնական որոշում:










