Հարավային Կորեայի կառավարական հանձնաժողովը հաստատել է Galaxy Note 7-ի բռնկվելու պատճառը

10:38 • 06.02.17

Հարավային Կորեայի կառավարությունը երկուշաբթի հաստատել է, որ մարտկոցներում առկա դեֆեկտներն են դարձել հարավկորեական Samsung Electronics ընկերության Galaxy Note 7 սմարթֆոնների բռնկվելու պատճառ: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Հրվ. Կորեայի արդյունաբերության, առևտրի և բնական պաշարների նախարարության կայքը:


Նախարարության տվյալներով՝ տեխնիկական չափանիշերի հարցերով իր բյուրոն ուսումնասիրել է սմարթֆոնների տաքացման պատճառը և հայտնաբերել մարտկոցներում դեֆեկտներ՝ մասնավորապես համապատասխան իզոլացման բացակայություն: Միևնույն ժամանակ, հայտնաբերվել են Galaxy Note 7-ի ծրագրային ապահովման մեջ խնդիրներ:


Կառավարական հանձնաժողովի եզրակացությունը համընկել է 2016 թվականին Samsung Electronics ընկերության կողմից անցկացված հետաքննության արդյունքների հետ:


Ավելի վաղ հաղորդվել է, որ հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է, որ Galaxy Note 7 սմարթֆոնի բռնկման բազմաթիվ դեպքերի պատճառը եղել են մարտկոցների դիզայնի ու արտադրության հետ կապված տեխնիկական խնդիրները:


Հիշեցնենք, որ 2016 թվականի սեպտեմբերի սկզբին հայտարարվել է համաշխարհային շուկայից մոտ 2,5 միլիոն Galaxy Note 7 սմարթֆոն հետ կանչելու մասին՝ այն բանից հետո, երբ հաղորդագրություններ հայտնվեցին լիցքավորման ընթացքում դրանց պայթելու մասին: Samsung-ը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է այդ սմարթֆոնների արտադրությունն ու վաճառքը:


Մի շարք համաշխարհային ավիափոխադրողներ, որոնց թվում Singapour Airlines-ը, Finnair-ը, Aeromexico-ն, Interjet-ը և Flydubai-ը, արգելել են ինքնաթիռի սրահ մտցնել Samsung Galaxy Note 7 հեռախոսը: Սարքերն ինքնաթիռ ներս բերելն արգելել են նաև ԱՄՆ-ի, Իսրայելի և Ճապոնիայի իշխանությունները:

 

Հարավային Կորեայի կառավարական հանձնաժողովը հաստատել է Galaxy Note 7-ի բռնկվելու պատճառը