ԱՄՆ-ում պտտահողմը «հարձակվել» է ՆԱՍԱ-ի գերծանր հրթիռի հավաքման համալիրի վրա (տեսանյութ)
ՆԱՍԱ-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրվում է պտտահողմի «հարձակումը» MAF (Michoud Assembly Facility) համալիրի վրա: Այժմ համալիրում անցկացվում են SLS (Space Launch System) գերծանր հթիռի և Orion տիեզերանավի հավաքման աշխատանքները:
Space.com-ի հաղորդմամբ` բնական աղետի պատճառով ՆԱՍԱ-ն տարհանել է համալիրի 3,5 հազար աշխատակցի, որոնցից հինգն աննշան վնասվածքներ են ստացել: Հրթիռն ու տիեզերանավը չեն տուժել: Գործակալությունը պատրաստվում է գնահատել պտտահողմի պատճառած վնասը:
Նշվում է, որ MAF համալիրը տեղակայված է ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքի մոտակայքում: Այն ՆԱՍԱ-ի խոշորագույն օբյեկտն է, որում անցկացվում են գործակալության սարքավորումների հավաքման աշխատանքները:










