Անցած եռամսյակում Apple-ը 6 մլն «խելացի» ժամացույց է վաճառել. վերլուծաբաններ
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունն անցած եռամսյակում ռեկորդային թվով՝ 6 մլն հատ Apple Watch «խելացի» ժամացույց է վաճառել, ինչը եռամսյակի կտրվածքով կազմում է սմարթվոչերի շուկայի 80%-ը:
Ինչպես նշում է The Verge-ը, այս տվյալները ներկայացրել է Canalys վերլուծական ընկերությունը, որի հաշվարկով՝ Apple-ը սմարթվոչերի վաճառքից ստացել է 2.6 մլրդ դոլարի եկամուտ:
Աղբյուրը հիշեցնում է, որ Apple-ի եռամսյակային և տարեկան ֆինանսական հաշվետվությունը ներկայացնելիս ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Կուկը հայտարարել է, որ Apple Watch-ի վաճառքի ցուցանիշը ռեկորդային է:
«Ամանորյա տոնական սեզոնին սմարթվոչերի պահանջարկն այնքան մեծ է եղել, որ մենք չենք կարողացել բավարար չափով արտադրանք տալ»,-նշել է Կուկը:
Canalys-ի հաշվարկով՝ 2016թ. Apple-ը վաճառել է 11.9 մլն օրինակ Apple Watch, ինչը տարվա կտրվածքով կազմում է շուկայի 49%-ը:










