Թրեյդերները սխալմամբ գնել են Snapchat-ին մոտ անվանումով ընկերության արժեթղթերը
Քիչ հայտնի ամերիկյան ընկերության շուկայական արժեքն աճել է մոտ երկու անգամ թրեյդերների պատճառով, որոնք սխալմամբ սկսել են գնել նրա արժեթղթերը՝ կարծելով, թե գնում են Snapchat ինտերնետային մեսենջերի արժեթղթերը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Snap Inc ընկերությունն անցած շաբաթ հայտարարել է, որ դուրս է գալիս ֆոնդային շուկա, որտեղ պատրաստվում է գրավել մոտ 3 միլիարդ դոլար՝ բաժնետոմսերի վաճառքի հաշվին: Վաճառքի մեկնարկի ամսաթիվը դեռ որոշված չէ:
Չնայած նրան, որ 2016 թվականը Snap Inc-ը կորուստով է ավարտել, որոշ ներդրողներ կարծում են, որ այն մեծ հեռանկար ունի:
Բորսայում snap Interactive անվանումով ընկերության բաժնետոմսերի հայտնվելն աժիոտաժ է առաջացրել թրեյդերների մոտ, և նրանք սկսել են ակտիվ գնել դրանք: Շուտով, սակայն, պարզվել է, որ Snap Interactive-ը ոչ մի կապ չունի Snapchat-ի սեփականատեր ընկերության հետ:
Snap Interactive-ը զբաղվում է ծանոթությունների համար բջջային և տեսահաղորդագրությունների փոխանցման հավելվածների ստեղծմամբ: Ընկերության արժեքը գնահատվում էր մոտ 54 միլիոն դոլար, բայց աժիոտաժի շնորհիվ նրա բաժնետոմսերը մոտ մեկ շաբաթում 95 տոկոսի աճ են գրանցել:










