Ցուկերբերգը ցուցադրել է վիրտուալ իրականության ձեռնոցների նախատիպը
Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ցուցադրել է վիրտուալ իրականության հետ փոխազդեցության նոր միջոցը՝ սոցցանցին պատկանող Oculus ընկերության ձեռնոցների նախատիպը, գրում է korrespondent.net-ը:
Նա իր էջում տեղադրել է Ռեդմոնդում Facebook-ի գիտահետազոտական լաբորատորիա այցելության լուսանկարները:
«Մենք աշխատում ենք նոր միջոցների վրա, որոնք թույլ են տալիս ձեռքերը մտցնել վիրտուալ իրականություն: Այդ ձեռնոցներով դուք կարող եք նկարել, տպագրել վիրտուալ ստեղնաշարի վրա և անգամ սարդոստայն նետել, ինչպես Սարդ-մարդը»,- գրել է Մարկ Ցուկերբերգը:
Նա չի հայտնել վիրտուալ իրականության սարքի տեխնիկական բնութագրերը կամ շուկայում ներկայիս նախատիպի հիման վրա կոմերցիոն արտադրանքի հայտնվելու մոտավոր ժամկետը:










