ԱՄՆ-ում հնարավոր են համարում ապագայում գենետիկորեն մոդիֆիկացված մարդկանց ստեղծումը
ԱՄՆ-ի գիտությունների և բժշկության ազգային ակադեմիաները զեկույց են ներկայացրել, որում նշվում է, որ հետագայում գենետիկորեն մոդիֆիկացված մարդկանց ստեղծման արգելքի վերացումը չի բացառվում:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն` մեջբերելով ամերիկյան աղբյուրը, այդ դեպքում կթույլատրվի ոչ թե մարդկային հատկանիշների և ունակությունների բարելավմանն ուղղված փոփոխություն, այլ միայն մուտացիաների ուղղումը, որոնց պատճառով լուրջ ժառանգական հիվանդություններ են ի հայտ գալիս:
Ներկայում մի շարք երկրներում արգելվում է փոփոխված ԴՆԹ-ից մարդկային սաղմի ստեղծումը: Եթե արգելքը հանվի, մասնագետները մի շարք խորհուրդներ են ներկայացրել, որոնց պետք է հետևեն գիտական և բժշկական կենտրոնները: Նախևառաջ, գենետիկ փոփոխությունների կարելի է դիմել, եթե ժառանգական հիվանդությունների դեմ պայքարի այլ տարբերակ չկա:
Երկրորդ, փոփոխության կարող է ենթարկվել միայն այն գենը, որն անմիջականորեն կապված է ժառանգական խանգարման հետ:
Ներկայում որոշ գիտական ինստիտուտներ փորձարկումներ են իրականացնում մարդկային ԴՆԹ-ն փոփոխելու ուղղությամբ:










