Թուրք հոգևորականներն Ավստրիայի մզկիթներում լրտեսությամբ են զբաղված. ավստրիացի պատգամավոր

10:40 • 15.02.17

Ավստրիայի Կանաչների կուսակցության պատգամավոր Պետեր Փիլզը հայտարարել է, որ Վիեննայում գտնվող Թուրքիայի դեսպանատան միջնորդությամբ Թուրքիան Ավստրիայում հետախուզական ցանց է հիմնել։


Նա նշել է, որ Թուրքիան Ավստրիա ուղարկած մահմեդական հոգևորականների միջոցով փորձում է «որսալ» Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման անդամներին:

Ինչպես փոխանցում է թուրքական diken.com.t կայքը՝ պատգամավորը շեշտել է, որ Եվրոպայի թուրք-իսլամական միությունը Թուրքիայի դեսպանատների միջոցով Եվրոպայի մզկիթներում ծավալում է հատուկ գործունեություն, և հայտարարել է, որ Ավստրիայի տարածքում նրանց կատարած հետախուզական գործողությունների մասին իր ունեցած տեղեկությունները նա արդեն փոխանցել է ավստրիական ոստիկանությանը: 

Փիլզը հիշեցրել է, որ Ավստրիայի տարածքում օտար կառույցների կողմից նման գործունեության ծավալումն ու դրա՝ դրսից ֆինանսավորվելն արգելված է երկրի օրենքով:

Նշենք, որ դեռևս շաբաթներ առաջ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ Թուրքիայի կրոնական հարցերով վարչության (Diyanet) անդամ 38 իմամ տարբեր երկրներում լրտեսությամբ է զբաղվում: