Գերմանիայում ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել 4 թուրք հոգևորականի դեմ
Գերմանական ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել Թուրքիայի կրոնական հարցերով վարչության (Diyanet) անդամ հանդիսացող և Գերմանիայում գտնվող 4 թուրք հոգևորականների դեմ, այս մասին հայտնում է գերմանական Spiegel պարբերականը:
Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա շրջանում բնակվող չորս իմամները կասկածվում են Գերմանիայի տարածքում հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար:
Գերմանացի ոստիկանները խուզարկել են հոգևորականների տները: Նշվում է, որ ըստ լուրերի՝ Գերմանիայի տարածքում լրտեսությամբ զբաղվող նվազագույնը 13 իմամ կա: Եվս 33 անձ և 11 ուսումնական հաստատություն կասկածվում է նրանց տեղեկություններ հաղորդելու համար:
Ենթադրվում է, որ Թուրքիան Ավստրիա ուղարկած մահմեդական հոգևորականների միջոցով փորձում է «որսալ» Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման անդամներին:
Նշենք, որ դեռևս շաբաթներ առաջ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ Թուրքիայի կրոնական հարցերով վարչության անդամ 38 իմամ տարբեր երկրներում լրտեսությամբ է զբաղվում:
Նախօրեին նման հայտարարությամբ է հանդես եկել նաև Ավստրիայի Կանաչների կուսակցության պատգամավոր Պետեր Փիլզը, որը հայտարարել է, որ Վիեննայում գտնվող Թուրքիայի դեսպանատան միջնորդությամբ Թուրքիան Ավստրիայում հետախուզական ցանց է հիմնել։










