Հայտնաբերվել է այլմոլորակային կյանքի գոյության մասին Չեչիլի հեղինակած էսսեն

16:38 • 16.02.17

Հեղինակավոր NATURE ամսագիրը հրապարակել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի կողմից գրված էսսեն, որում քաղաքական գործիչը պատմում է վերերկրային կյանքի գոյության մասին: 

Ինչպես հայտնում է BBC-ն, «Արդյո՞ք մենք մենակ ենք տիեզերքում» խորագրով 11 էջանոց աշխատությունը 1980-ականներից պահվել է ամերիկյան Ֆուլթոն քաղաքի Չերչիլի անվան ազգային թանգարանում: 

Իր էսսեում 20-րդ դարի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը համարվող Չերչիլը նկատել է, որ տիեզերքը չափազանց մեծ է միայն Երկրի վրա կյանք գոյություն ունենալու համար: 

Չերչիլը ենթադրել է, որ կյանքը նախկինում կարող էր գոյություն ունենալ Մարսի և Վեներայի վրա: 

«Հաշվի առնելով տիեզերքում միլիարդավոր արևներ ներառող հարյուր հազարավոր միգամածությունների առկայությունը՝ մեծ է հավանականությունը, որ դրանցում կան կյանքի գոյության համար նպաստավոր պայմաններ ունեցող բազում մոլորակներ»,-նշել է հեղինակը: 

Աղբյուրը հավելում է, որ ժամանակին Չերչիլն արգելել էր թագավորական ռազմաօդային ուժերի օդաչուներին պատմել չհայտնաբերված թռչող օբյեկտների հետ հանդիպումների մասին, որպեսզի այլմոլորակայինների մասին լուրերը մարդկանց շրջանում խուճապ չառաջացներին:

Հայտնաբերվել է այլմոլորակային կյանքի գոյության մասին Չեչիլի հեղինակած էսսեն