Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունը կանցկացվի մայիսի 28-ին. համայնքը չի սպասի Էրդողանի միջամտությանը

23:18 • 16.02.17



Այսօր Պոլսո Հայոց պատրիարքարանում համայնքային հիմնադրամների նախագահների և բարերարների մասնակցությամբ կայացած արտակարգ ժողովում որոշում է կայացվել նոր պատրիարքի ընտրությունները անցկացնել մայիսի 28-ին, ընդ որում` ընտրությունների անցկացման համար համայնքը չի պատրաստվում սպասել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջամտությանը, ինչպես հայնտել էին փոխպատրիարք Արամ Աթեշյանն ու Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն, ով բարձրացրել էր հարցը երկրի նախագահի մոտ:

Այս մասին տեղեկացնում է Tert.am-ի ստամբուլյան աղբյուրը:

Հիշեցնենք, որ եկեղեցական խորհրդի նախագահ, արքեպիսկոպոս Սահակ Մաշալյանի կողմից Արամ Աթեշյանի հասցեին հնչած մեղադրանքներն ու Մաշալյանի հրաժարականի հայտարարությունը սկիզբ դրեց նոր ճգնաժամային իրավիճակի, որի արդյունքում համայնքի ներկայացուցիչները արտահերթ ժողով գումարեցին:

Մաշալյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ փոխպատրիարքի աթոռին Աթեշյանը շարունակում է մնալ «մանիպուլյացիայի, սպառնալիքների և փոխպատրիարքի իրավասությունները սեփական շահերին ծառայեցնելու միջոցով»:

Արքեպիսկոպոս Մաշալյանի հրաժարականի հետ կապված այսօր գումարված ժողովի ընթացքում որոշում է կայացվել անհապաղ նշանակել պատրիարքի ընտրությունների ամսաթիվն ու ամենաարագ կերպով կազմակերպել նախընտրական գործընթացը` ինչպես որ պահանջում է եկեղեցական կարգը: Ի դեպ` Արամ Աթեշյանը կզրկվի նախընտրական գործընթացին միջամտելու իրավունքից:

Image may contain: 17 people, people standing and indoor 



Փետրվարի 17-ին եկեղեցական խորհուրդն ընտրում է պատրիարքի պաշտոնական տեղապահ:

Տեղապահը փետրվարի 18-ին, օգտագործելով իրեն տրված իրավասությունները, գումարում է եկեղեցական խորհրդի ժողով, ընտրվում է պատրիարքի ընտրությունների հարցով հատուկ 15 հոգանոց հանձնաժողովը: 

Փետրվարի 20-ին հանձանաժողովը վերջնական տեսքի է բերում ընտրությունների անցկացման մասին Ստամբուլի նահանգապետարանին ներկայացվելիք նամակը: (Ընտրության թույլտվություն չի խնդրելու, հանձնաժողվի անդամները միայն տեղեկացնելու են նահանգապետարանին եկեղեցական խորհրդի որոշման ու ընտրությունների օրվա մասին-Tert.am): 

Պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը մինչև մայիսի 28 կմնա փոխպատրիարքի պաշտոնում, սակայն իրավասություն չի ունենա ընտրական գործընթացին միջամտելու:

No automatic alt text available.

Հիշեցնենք, որ դեռևս հոկտեմբերին Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարել է ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին պաշտոնանկ անելու և պատրիարքի նոր ընտրություններ անցկացնելու որոշման մասին: Ընտրությունների ամսաթվի նշանակումը պարբերաբար ձգձգվում էր հանրության համար անհայտ պատճառներով:
   
Նշենք, որ պատրիարք Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի գործում որպես պատրիարք: Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:

Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին կայացնել նոր ընտրությունների անցկացման որոշումը՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի:


                                                                                                                      Սոֆյա Հակոբյան