Հայաստան. Սոցիալական ցանցերի հրապարակումների վերաբերյալ քրեական մեղադրանքները վերստին մտահոգություններ են առաջացնում արտահայտվելու ազատության վերաբերյալ. CSO Meter
Հայաստան. Սոցիալական ցանցերի հրապարակումների վերաբերյալ քրեական մեղադրանքները վերստին մտահոգություններ են առաջացնում արտահայտվելու ազատության վերաբերյալ: Այս մասին նշվում է CSO Meter-ի հրապարակած հոդվածում: CSO Meter-ն աջակցում է Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) գործունեության միջավայրի կանոնավոր և հետևողական մշտադիտարկմանը։
«Գրող Վահրամ Սահակյանի և ընդդիմադիր գործիչ Արթուր Դանիելյանի դեմ վերջին քրեական գործերը նախանշում են մտահոգիչ միտում՝ սոցիալական ցանցերի հրապարակումներին և պաշտոնատար անձանց հասցեին սուր քննադատությանն արձագանքելիս քրեական արդարադատության գործիքների կիրառման հարցում։ Թեև արտահայտվելու ազատությունը կարող է ենթարկվել սահմանափակումների բռնության իրական հրահրման, ատելության խոսքի կամ սպառնալիքների դեպքերում, առցանց հայտարարություններին ի պատասխան քրեական մեղադրանքների, ձերբակալությունների և սահմանափակող միջոցների կիրառումը մտահոգություններ է առաջացնում համաչափության, ընտրովի իրավակիրառման և հանրային քննարկումների վրա ճնշող ազդեցության տեսանկյունից։
Վերջին դեպքերը ցույց են տալիս առցանց խոսքին ի պատասխան խիստ միջոցների կիրառումը
2026 թվականի սեպտեմբերի վերջին գրող և դրամատուրգ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է և մեղադրանք է առաջադրվել 2025 թվականի հունվարին Facebook-ում կատարված հրապարակման առնչությամբ, որը, ըստ հաղորդումների, պարունակել է ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի քարոզ։ Քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով, որը վերաբերում է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հարուցելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքին։ Ավելի ուշ դատարանը Սահակյանի նկատմամբ կիրառել է հսկողություն և արգելել է նրան հրապարակային գրառումներ անել։ Նրա փաստաբանը վիճարկել է մեղադրանքները և պնդել, որ իրավապահ մարմինները ընտրողաբար են հետևում ընդդիմադիր գործիչների հրապարակումներին։
Մյուս գործը վերաբերում է Արթուր Դանիելյանին, ով ձերբակալվել է, իսկ ավելի ուշ երկու ամսով կալանավորվել։ Ձերբակալությունից կարճ ժամանակ առաջ Դանիելյանը Facebook-յան հրապարակման մեջ վիրավորական արտահայտություններ էր օգտագործել ՀՀ վարչապետի հասցեին։ Դանիելյանի փաստաբանը հայտնել է, որ նրա Facebook-յան մի քանի հրապարակումներ որակվել են որպես խուլիգանություն, և ավելի ուշ լրացուցիչ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածով, որը վերաբերում է դատավորների, դատախազների, քննիչների և արդարադատության ոլորտի այլ գործիչների նկատմամբ սպառնալիքներին կամ նրանց առնչվող տեղեկությունների հրապարակմանը։
Երկու անձն էլ հայտնի են իշխանության ներկայացուցիչների հասցեին իրենց սուր քննադատությամբ։ Մի շարք ՔՀԿ-ներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Դանիելյանի գործով՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումը նկարագրելով որպես Հայաստանում արտահայտվելու ազատության իրավունքի իրացման դեմ քրեական արդարադատության գործիքների շարունակական կիրառման հերթական դրսևորում։ Հայտարարության մեջ նշվում է, որ քրեական հետապնդումը թվում է ապօրինի, անհամաչափ և քաղաքականապես մոտիվացված, իսկ Դանիելյանի երկամսյա նախնական կալանքը հատկապես անհամաչափ է՝ հաշվի առնելով նաև արտաքին աշխարհի հետ նրա շփման սահմանափակումները։ ՔՀԿ-ները կոչ են արել Գլխավոր դատախազությանը և Քննչական կոմիտեին վերացնել Արթուր Դանիելյանի կալանքը և դադարեցնել արտահայտվելու ազատության իրացման հիման վրա հարուցված քրեական հետապնդումը, ինչպես նաև բացառել քրեական արդարադատության գործիքների ապօրինի և անհամաչափ կիրառումը՝ այլախոհությունը կամ իշխող քաղաքական ուժի, ընտրված քաղաքական գործիչների կամ պետական մարմինների քննադատությունը լռեցնելու նպատակով։
Գործերը արտացոլում են սուր կամ վիրավորական խոսքն ընտրովի եղանակով քրեականացնելու ավելի լայն միտումը
Այս գործերը պետք է գնահատվեն ատելության խոսքի, բռնության կոչերի և հարակից հանցագործությունների վերաբերյալ քրեական դրույթների կիրառման վերաբերյալ ՔՀԿ-ների կողմից բազմիցս բարձրացված մտահոգությունների ավելի լայն համատեքստում։
Թեև Հայաստանը 2022 թվականին ապաքրեականացրել է «ծանր վիրավորանքը», վերջին դեպքերը վկայում են այն ռիսկի մասին, որ վիրավորական կամ հայհոյալից լեզվամթերքին քրեաիրավական արձագանքները կարող են շարունակվել Քրեական օրենսգրքի այլ դրույթների ներքո։ 329-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագման, կրոնի, քաղաքական կամ այլ հայացքների կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ անձանց կամ խմբերի նկատմամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հարուցելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի համար։
330-րդ հոդվածը քրեականացնում է բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, ինչպես նաև նույն հիմքերով բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը։ 297-րդ հոդվածը, որը վերաբերում է խուլիգանությանը, ներառում է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհանք դրսևորող արարքները, այդ թվում՝ անձանց նվաստացման կամ հայհոյանքների կամ անպարկեշտ արտահայտությունների միջոցով հասարակական կարգի խախտմամբ արտահայտված արարքները։
490-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում հատկապես դատավորների, դատախազների, քննիչների և արդարադատության ոլորտի այլ նշված մասնագետների ու նրանց մերձավոր ազգականների նկատմամբ սպառնալիքների, ինչպես նաև նրանց հեղինակությունը արատավորող կամ այլ կերպ նրանց իրավունքներին կամ օրինական շահերին վնաս հասցնող տեղեկությունների հրապարակման, նրանց գույքը ոչնչացնելու կամ վնասելու կամ նրանց նկատմամբ բռնության արարք կատարելու համար։
Այս բոլոր դրույթները նախատեսում են պատիժներ՝ տուգանքներից մինչև ազատազրկում, ընդ որում խոսքի հետ կապված հանցագործությունների համար առավելագույն պատժաչափերը հասնում են մինչև հինգ տարվա՝ ծանրացնող հանգամանքների առկայության դեպքում, ներառյալ զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործումը։
CSO Meter Armenia-ի զեկույցները նախկինում նշել են, որ առցանց կամ հրապարակային խոսքին վերաբերող քրեական վարույթները քաղաքացիական հասարակության կողմից հաճախ ընկալվում են որպես ընտրովի, ընդ որում իրավապահ մարմինների գործողությունները հաճախ կենտրոնանում են կառավարության պաշտոնյաներին և քաղաքական գործիչներին ուղղված հայտարարությունների վրա, մինչդեռ միջազգային չափանիշներով ճանաչված պաշտպանվող հատկանիշները թիրախավորող ատելության խոսքը հազվադեպ է քննվում նույն հետևողականությամբ։ Վերջին դեպքերը նաև հետևում են CSO Meter-ի կողմից արձանագրված արտահայտվելու ազատության վերաբերյալ ավելի վաղ մտահոգություններին՝ կապված ակտիվիստ Արթուր Օսիպյանի նկատմամբ քաղաքական սուր բախմանն ի պատասխան հարուցված քրեական վարույթի և նախնական կալանքի հետ։ Երեք շաբաթ տևած հացադուլից հետո Օսիպյանն ազատ է արձակվել նախնական կալանքից՝ ՔՀԿ առաջնորդների միջնորդությունների հիման վրա, ովքեր պատրաստակամություն էին հայտնել հանդես գալ որպես երաշխավոր, և ներկայումս դատաքննությունը դեռ ընթացքի մեջ է։
Քաղաքացիական հասարակության և փորձագիտական վերջին վերլուծությունները հաստատում են իրավապահ մարմինների ընտրովի կիրառման վերաբերյալ մտահոգությունները։ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը պնդում է, որ Հայաստանի ատելության խոսքի վերաբերյալ քրեական դրույթները կիրառվում են այնպիսի եղանակով, որն ապօրինաբար նույնացնում է պաշտոնատար անձանց քննադատությունը պաշտպանվող հատկանիշների հետ, ինչպիսիք են քաղաքական հայացքները՝ դրանով իսկ իջեցնելով պաշտոնատար անձանց թույլատրելի քննադատության շեմը։
«Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն նմանապես արձանագրել է, որ չնայած բռնության հրապարակային կոչերի և բռնության արդարացման վերաբերյալ քրեական դրույթների առկայությանը, ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ բռնության կամ սպառնալիքների վերաբերյալ հաղորդումները հաճախ չեն հանգեցրել պատշաճ քննության, մինչդեռ նույն քրեաիրավական դրույթներն օգտագործվել են իշխանությունների և քաղաքական գործիչների պաշտպանության համար։
Democracy Watch-ի վերջին հրապարակումը նույնպես պնդում է, որ խնդիրն ավելի է բարդանում իրավակիրառման ընտրովի բնույթով, հատկապես այն դեպքերում, երբ քրեական գործեր հարուցվում են հիմնականում իշխանության ներկայացուցիչներին քննադատողների դեմ, մինչդեռ խոցելի խմբերի դեմ ուղղված լուրջ ատելության խոսքը կարող է չստանալ նույն արձագանքը։
Միևնույն ժամանակ, միջազգային չափանիշներն ընդգծում են, որ քաղաքական խոսքը վայելում է պաշտպանության բարձր մակարդակ ժողովրդավարական չափանիշներով, և որ քաղաքական ու պաշտոնատար անձանցից ակնկալվում է հանդուրժել քննադատության ավելի բարձր աստիճան, ներառյալ այնպիսի խոսք, որը կարող է լինել սադրիչ, սուր կամ վրդովեցուցիչ։ Այս չափանիշներն արտացոլված են «Քաղաքական և պաշտոնատար անձանց և արտահայտվելու ազատության մասին» 2021 թվականի Համատեղ հռչակագրում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)՝ 10-րդ հոդվածի վերաբերյալ ուղեցույցում։
Խիստ միջոցները ռիսկ են պարունակում հանրային քննարկումների վրա ճնշող ազդեցություն ստեղծելու
Մեդիա փորձագետները և իրավապաշտպանները զգուշացրել են, որ սոցիալական ցանցերում հրապարակումներին հաջորդած վերջին ձերբակալություններն ու կալանավորումները կարող են ունենալ ճնշող ազդեցություն՝ հասարակությանը ազդանշան ծառայելով, որ առցանց հայտարարությունները կարող են պատժվել խիստ միջոցներով։ Այս մտահոգությունն ավելի է ուժգնանում խոսքի հետ կապված գործերով իրավապահ մարմինների արձագանքների հետևողականության և համաչափության վերաբերյալ կասկածներով։
ՄԻԵԴ ուղեցույցն ընդգծում է, որ արտահայտվելու ազատության սահմանափակումները պետք է լինեն օրինական, անհրաժեշտ և համաչափ՝ ճանաչելով այն ճնշող ազդեցությունը, որը քրեական վարույթները և կալանավորումը կարող են ունենալ հանրային քննարկումների վրա։ Եթե վիրավորական կամ անպատշաճ խոսքը բազմիցս ուղղորդվում է քրեական վարույթներ՝ այլընտրանքային իրավական որակումների ներքո, դա կարող է թուլացնել ապաքրեականացման պաշտպանական ազդեցությունը և խորացնել հանրային քննարկումների վրա ճնշող ազդեցությունը։
Հետագա քայլերը պետք է կենտրոնանան համաչափության և օրենքի հետևողական կիրառման վրա
Վերջին դեպքերը ընդգծում են խոսքի հետ կապված քրեական վարույթների նկատմամբ ավելի զգույշ և հետևողական մոտեցման անհրաժեշտությունը։ Հետագա դատախազական և դատական որոշումները ցույց կտան, թե արդյոք իշխանությունները պատշաճ կերպով հաշվի առնում են քրեական մեղադրանքների և սահմանափակող միջոցների համաչափությունը, ներառյալ նվազ սահմանափակող այլընտրանքների առկայությունը։
Առանձին գործերից անդին, սպառնալիքների և ատելության խոսքի քննությանն ուղղված ավելի հետևողական մոտեցումը՝ անկախ նրանից, թե ով է թիրախավորված, կօգնի լուծել ընտրովի իրավակիրառման վերաբերյալ մտահոգությունները և կամրապնդի հանրային վստահությունը արդարադատության համակարգի նկատմամբ։ Ուստի այս գործերով հետագա զարգացումները կարևոր կլինեն արտահայտվելու ազատությանը և ժողովրդավարական քննարկումներին Հայաստանի հանձնառությունը գնահատելու համար»,- նշվում է հոդվածում:














