Ֆրանսիայում հանցագnրծը եկեղեցուց գողացել է Նիկողայոս Հրաշագործի մասունքները և այրել դրանք

15:33 • 10.11.26

Ֆրանսիայում հանցագործը եկեղեցուց գողացել է Նիկողայոս Հրաշագործի մասունքները և այրել դրանք։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Լոթարինգիայի Սուրբ Նիկողայոս եկեղեցու համայնքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Երկուշաբթի՝ նոյեմբերի 2-ին, բազիլիկի քահանան հայտարարություն է ներկայացրել Դոմբալ-սյուր-Մյորթի ոստիկանական բաժանմունք՝ հայտնաբերելով Սուրբ Նիկողայոսի թանկարժեք մասունքները պարունակող մասնատուփի գողությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ոստիկանությունը կարողացել է օպերատիվորեն պարզել գողի ինքնությունը և ձերբակալել նրան։ Հարցաքննության ժամանակ նա խոստովանել է արարքը և հայտնել, որ «կոտրել է ցուցափեղկը, այնուհետև այրել և ջախջախել սրբությունը»։

«Բացի այս առարկայի մշակութային արժեքից, այսօր մեզ խորապես ցավեցնում է նախևառաջ այն, որ սա լուրջ ոտնձգություն է մեր պատմության, մեր հավատքի և ուխտավորների սերունդների կրոնական պաշտամունքի դեմ»,- հայտարարել են եկեղեցու համայնքում։

Tribune Chretienne տեղեկատվական պորտալն իր հերթին հաղորդում է, որ սա տարեսկզբից ի վեր բազիլիկի վրա իրականացված արդեն երրորդ հարձակումն է։ Նրա տվյալներով՝ չարագործն իր գործողությունները բացատրել է «ֆետիշիզմի դեմ պայքարով»՝ մասունքներին երկրպագելը հավասարեցնելով սնոտիապաշտական պրակտիկային։

Պորտալը մեջբերում է «Սեն-Նիկոլա-դը-Պոր բազիլիկի ճանաչում և վերածնունդ» ասոցիացիայի ղեկավար Դենի Բուրկենի խոսքերը, ով հայտարարել է, որ ոչնչացված սրբությունը իրենից ներկայացնում է մոտ 2 սմ երկարությամբ ոսկրային հատված, որը պահվում էր ապակյա պատյանում՝ բազիլիկի գանձարանում գտնվող այլ մասունքներից առանձին։ Նա նաև հերքել է գողի պնդումները «ֆետիշիզմի» մասին՝ ընդգծելով, որ եկեղեցին երկրպագում է ոչ թե մասունքներին, այլ Աստծուն, մինչդեռ սրբերի մասունքների հարգելը կոչված է հարգանք արտահայտելու նրանց նկատմամբ, որոնք ապրել են Քրիստոսին հավատարիմ: