Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջնական տվյալների համաձայն, 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը դանդաղել է՝ կազմելով տարեկան 6,9 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 7,6 տոկոսի դիմաց։
Տնտեսական զարգացումների ամենաուշագրավ և ռազմավարական նշանակություն ունեցող իրողությունն արդյունաբերական հատվածի շրջադարձային վարքագիծն է, որին անդրադարձել ենք նախորդ համարներից մեկում: Արդյունաբերության այս վերակենդանացումը սերտորեն փոխկապակցված է արտաքին տնտեսական գործունեության միտումների փոփոխության հետ։ Վիճակագրական տվյալները փաստում են, որ արտաքին առևտրի դինամիկան ևս էական անկումից անցում է կատարել աճի, ինչը տեղի է ունեցել գլխավորապես ներմուծման ցուցանիշների բարելավման հաշվին։
Մակրոտնտեսական վերլուծության տեսանկյունից ներմուծման աշխուժացման և արդյունաբերական աճի զուգադիպումը վկայում է այն մասին, որ ներմուծման կառուցվածքում մեծացել է արտադրական նշանակության հումքի, միջանկյալ սպառման ապրանքների, սարքավորումների ու տեխնոլոգիական բաղադրիչների տեսակարար կշիռը, որոնք սնուցում են տեղական վերամշակող ձեռնարկությունների աշխատանքը և նպաստում ներքին արտադրական շղթաների վերագործարկմանը։
Այդուհանդերձ, արդյունաբերության դրական տեղաշարժը բավարար չի եղել ամբողջությամբ չեզոքացնելու այն բացասական ազդակները, որոնք ձևավորվել են տնտեսության ամենախոշոր՝ առևտրի հատվածում, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում։
Առևտրի ոլորտի նման պասիվացումը ունի մի քանի խորքային պատճառներ։ Առաջին հերթին ներքին սպառողական շուկան հասել է հագեցվածության որոշակի շեմի, երբ տնային տնտեսությունների ընթացիկ սպառման ծախսերն այլևս չեն կարողանում ապահովել նախկին երկնիշ կամ բարձր միանիշ տեմպերը՝ պայմանավորված թե՛ վարկային բեռի կուտակմամբ, թե՛ եկամուտների վերաբաշխմամբ դեպի անշարժ գույքի սպասարկում և ծառայություններ։ Բացի այդ, առևտրի վիճակագրության վրա ազդում է նաև արտաքին վերավաճառքային և տարանցիկ առևտրային գործառնությունների վերաձևավորումը, որոնք նախորդ ժամանակահատվածներում արհեստականորեն ուռճացնում էին առևտրաշրջանառության թվերը, իսկ այժմ ենթարկվում են շուկայական ճշգրտման ու կայունացման։
Ագրոհատվածի նման հետընթացը կրկին ի ցույց է դնում Հայաստանի գյուղատնտեսության կառուցվածքային խոցելիությունը՝ սկսած բնակլիմայական անբարենպաստ երևույթներից, ոռոգման համակարգերի մաշվածությունից ու հողային ռեսուրսների մասնատվածությունից մինչև ինտենսիվ տեխնոլոգիաների դանդաղ ներդրում, գյուղատնտեսական հումքի մթերման շղթաների անկատարություն և ինքնարժեքի բարձրացում։ Երբ գյուղատնտեսությունը մեկ տարվա ընթացքում աճի տիրույթից հայտնվում է զգալի անկման մեջ, դա անմիջականորեն հարվածում է մարզային բնակչության գնողունակությանը՝ իր հերթին սահմանափակելով նաև ներքին առևտրի շրջանառությունը և նվազեցնելով տեղական սննդարդյունաբերության համար անհրաժեշտ հումքային բազան։
Ի հակադրություն առևտրի լճացման և ագրոհատվածի անկման՝ տնտեսության կենսունակությունն ու բարձր տեմպերը պահպանվել են ծառայությունների և շինարարության ոլորտների տպավորիչ արագացման շնորհիվ։
Աճի տեմպերի տեսանկյունից անգերազանցելի առաջատարը շարունակում է մնալ շինարարության ոլորտը, որտեղ արդեն իսկ բարձր՝ 20,7 տոկոսանոց աճը էլ ավելի է արագացել՝ հասնելով 24,9 տոկոսի։ Բացարձակ մեծությամբ շինարարությունը զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ 583,8 միլիարդ դրամ կամ 1,6 միլիարդ դոլար ծավալով, սակայն դրա աճի դինամիկան ունի հզոր մուլտիպլիկատիվ ազդեցություն հարակից ճյուղերի վրա։
Միևնույն ժամանակ, տնտեսագիտական տեսանկյունից կարևոր է նկատել, որ շինարարության բացարձակ ծավալը դեռևս անհամեմատ փոքր է առևտրի և ծառայությունների ծավալներից, ուստի նույնիսկ նման գերարագ աճի պարագայում այն միայնակ չի կարող որոշել ամբողջ տնտեսության աճի թվաբանությունը, իսկ երկարաժամկետ հեռանկարում կապիտալ ներդրումների կենտրոնացումը միայն անշարժ գույքի կառուցապատման մեջ պարունակում է շուկայի գերտաքացման ռիսկեր, եթե դրան զուգահեռ համաչափորեն չզարգանան արտադրական և արտահանելի հատվածները։










