Կվերանայվեն ծնողական ժամի, անչափահասների աշխատանքի և աշխատաժամանակի կարգավորումները․ Hetq.am
Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Աշխատանքային օրենսգրքում եւ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում։ Նախագծերով նախատեսվում է փոփոխել ծնողական ժամի տրամադրման կարգը, սահմանել առանձին կատեգորիայի աշխատողների օրական 12 կամ 24-ժամյա աշխատանքային գրաֆիկ, վերանայել անչափահասների աշխատանքի թույլատրելի տեւողությունը։ Առաջարկվում է նաեւ գործատուին եւ աշխատողին հնարավորություն տալ փոխադարձ համաձայնությամբ փոփոխել աշխատանքային պայմանագրի որոշ էական պայմաններ՝ միաժամանակ սահմանափակումներ նախատեսելով աշխատողի իրավունքների պաշտպանության համար։ Այս մասին գրում է Հետքը։
«Նախագծերը մշակել և հանրային քննարկման է ներկայացվել Աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունը։ Ըստ հիմնավորման՝ փոփոխությունների նպատակն է հստակեցնել աշխատանքային հարաբերությունների առանձին կարգավորումները, բարելավել աշխատողների իրավունքների պաշտպանությունը եւ միաժամանակ հաշվի առնել գործատուների՝ աշխատանքի կազմակերպման օրինական շահերը։
Աշխատանքային պայմանագրի պայմանները հնարավոր կլինի փոխել փոխադարձ համաձայնությամբ
Նախագծով առաջարկվում է Աշխատանքային օրենսգրքում ամրագրել, որ գործատուն եւ աշխատողը կարող են փոխադարձ համաձայնությամբ փոփոխել աշխատանքային պայմանագրի էական պայմանները՝ առանց աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու։
Խոսքը, օրինակ, աշխատանքի վայրի, պաշտոնի կամ աշխատանքային գործառույթների փոփոխության մասին է։ Գործող կարգավորումը աշխատանքի էական պայմանների փոփոխությունը կապում է աշխատանքի ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական կամ աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխության հետ։ Սակայն առանձին կարգավորված չէ այն դեպքը, երբ պայմանները փոխելու ցանկությունը բխում է հենց գործատուի եւ աշխատողի փոխադարձ համաձայնությունից։
Նախագծով այս հնարավորությունը նախատեսվում է սահմանել որոշակի սահմանափակումներով։ Մասնավորապես, փոխադարձ համաձայնությամբ չի թույլատրվի անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը դարձնել որոշակի ժամկետով։ Նախագծի հեղինակների հիմնավորմամբ՝ դա կարող է նվազեցնել աշխատանքային հարաբերությունների կայունությունը եւ հետագայում հանգեցնել պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով դրա դադարեցմանը։
Չի թույլատրվի նաեւ այս կարգավորման միջոցով նվազեցնել աշխատողի աշխատավարձը։ Հիմնավորման համաձայն՝ աշխատավարձի նվազեցումը կարող է բացասաբար անդրադառնալ աշխատողի տնտեսական եւ սոցիալական վիճակի վրա, ուստի միայն կողմերի համաձայնությունը բավարար հիմք չէ նման փոփոխության համար»։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։














