Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման համար 2027 թվականի բյուջեով նախատեսվել է 2 միլիարդ դրամ․ կայարանը կկառուցվի, թե ոչ՝ հասկանալի չէ. ֆինանսների նախարար

14:51 • 09.11.26

Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման համար 2027 թվականի բյուջեով նախատեսվել է 2 միլիարդ դրամ․ կայարանը կկառուցվի, թե՝ ոչ՝ շատ հասկանալի չէ, խորհրդարանում՝ 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի հարցին, թե որքան է նախատեսվում տրամադրել Աջափնյակ մետրոյի կառուցման աշխատանքների համար: 

«Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման համար նախատեսված է 2 միլիարդ դրամ։ Ինչո՞ւ է նախատեսված 2 միլիարդ դրամ․ մենք պայմանավորվածություն ունենք Երևանի քաղաքապետարանի հետ, որ եթե աշխատանքների ծավալը կամ ընթացքը ավելի արագ լինի, մենք այստեղ գումարներ կավելացնենք։ Խնդիրը նրանում է, որ հիմա պետք է մենք վերջնականացնենք բանակցությունները այն կազմակերպության հետ, ով որ ֆինանսավորելու է ծրագիրը, և գնման մրցույթ իրականացնենք, և մեր կարծիքով՝ 2 միլիարդից ավել նախատեսելը մյուս տարվա համար իրատեսական չէր լինի, և մենք այսպես 2 միլիարդ ենք դրել այն մտքով, որ եթե մենք ունենանք հաջողություն, և աշխատանքները նախատեսվածից ավելի արագ կգնան, մենք այստեղ գումար կավելացնենք։ Բայց ձեր հարցի պատասխանը՝ 2 միլիարդ»,- ասել է նա: 

«Նախնական հաշվարկներով, նոր կայանի կառուցումը 100 միլիարդը գերազանցում էր: Այսինքն՝ ձեր ասած թվից 50 անգամ ավելի շատ գումար էր պետք։ Ես, որքանով ինֆորմացված եմ որպես նախկինում ավագանի, այդ գումարն ուրիշ ուղղությամբ է ուղղվելու»,-ասել է Մեսրոպ Մանուկյանը: