Ֆինանսական լավագույն առաջարկները՝ մեկ վայրում. Յունիբանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյին (տեսանյութ, լուսանկարներ)
Բանկային լավագույն առաջարկները, ֆինանսական ծառայություններն ու բիզնեսի զարգացման հնարավորությունները՝ մեկ վայրում։ Կայացավ «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոն, որը մեկ հարկի տակ միավորեց բանկային համակարգի և գործարար ոլորտի ներկայացուցիչներին՝ հնարավորություն ընձեռելով ծանոթանալու ֆինանսական շուկայի նոր առաջարկներին և համագործակցության հեռանկարներին։
Միջոցառմանը մասնակցեց նաև Յունիբանկը՝ ներկայացնելով հաճախորդներին առաջարկվող ֆինանսական լուծումները։

«Մասնակցում ենք շուկայի ամենամրցունակ երեք պրոդուկտով՝ բիզնես վարկավորման համար։ Ամենահասանելի պրոդուկտը, որն առաջարկվում է՝ անգրավ բիզնես վարկն է, մինչև 15 միլիոն դրամ մեր ձեռնարկատերերին, վարկի հաստատում՝ ընդամենը հինգ րոպեում»-ասաց «Յունիբանկ»-ի Բիզնես վարկավորման վերլուծության և աջակցության վարչության պետ Արտակ Սիմոնյանը։

Բանկի տաղավարում այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու նաև վարկերի վերաֆինանսավորման պրոդուկտին, որն ընդլայնում է հաճախորդների ֆինանսական հնարավորությունները։
«Այն թույլ է տալիս գործող բիզնես վարկը վերաֆինանսավորել՝ սկսած 8,5%-ից, մինչև 10 տարի ժամկետով, հավելյալ 50% վարկավորման հնարավորությամբ: Ներկայացրել ենք նաև մեր պարզեցված վարկատեսակը, որը թույլ է տալիս իրականացնել բիզնես վարկավորում՝ առանց ֆինանսական վերլուծության»-մանրամասնեց Արտակ Սիմոնյանը։
Խոշոր ընկերություններին Յունիբանկն առաջարկում է մրցունակ սակագներ և արտոնյալ պայմաններ՝ հաշվի առնելով նրանց շրջանառության ծավալները, զուգահեռ հատուկ առաջարկներ կան նաև նորաստեղծ բիզնեսների համար։

«Տրամադրում ենք POS տերմինալ, որը հնարավորություն է տալիս նաև ՀԴՄ կտրոնի թողարկման, այսինքն՝ հաճախորդն էլ կարիք չունի գնելու առանձին ՀԴՄ սարք և ստանալ POS տերմինալ բանկից՝ քարտային վճարումները ստանալու համար, «Յունիբանկ»-ում այդ երկուսն արդեն մեկ սարքում են: «Յունիբանկ»-ը նաև առաջարկում է «UniLink» հնարավորություն, որը թույլ է տալիս հաճախորդներին ընդունելու հեռավար վճարումներ, այսինքն՝ երբ բիզնեսը ցանկանում է ընդունել վճարում հաճախորդից, ով չի գտնվում այդ պահին սպասարկման կետում, պարզապես ուղարկում է հղում, որի միջոցով հաճախորդը լրացնում է քարտի թվերը և կատարում վճարում»-նշեց «Յունիբանկ»-ի Կորպորատիվ կոմիսիոն բիզնեսի և ավանդների զարգացման դեպարտամենտի տնօրեն Ռոմիկ Հովակիմյանը:

Բանկերին միավորող էքսպոն կազմակերպվում է արդեն չորրորդ անգամ՝ Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ, որտեղ անմիջական շփումների, նոր գործարար կապերի և ծանոթությունների ձևավորմամբ հիմք է դրվում հետագա արդյունավետ ու հեռանկարային համագործակցությունների ձևավորմանը։
«Արդեն չորրորդ փորձն է սա: Այս ընթացքում պարզեցինք, որ սա անկեղծ շփման շատ լավ հարթակ է, որովհետև մի կողմից տպավորություն է՝ աշխատանքային հարցերով ենք շփվում, բայց մարդկային, գործընկերային շփումներն այստեղ շատ կարևոր են դարձել»-ասաց Բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։

«Այսօր մեզ հյուր են եկել ՀՀ բոլոր բանկերը, որոնք առաջարկում են իրենց ծառայություններն ու հնարավորությունները, իսկ յուրաքանչյուր հաջողված բիզնեսի հետևում, վստահորեն կարող եմ ասել՝ կանգնած է իր բանկը, որն ամուր ֆինանսական աջակցություններով կարողանում է այդ բիզնեսը առաջ տանել»-նշեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։
Էքսպոյին հաջորդեց «Հայաստանի տնտեսությունը՝ Երևանից դուրս» խորագրով համաժողովը, որի շրջանակում քննարկվեցին մարզային տնտեսական զարգացման հնարավորությունները, գործարար միջավայրի ընդլայնման հեռանկարներն ու մարզերում ներդրումների խթանմանն ուղղված նախաձեռնությունները։















