Առաջարկվում է հասցեների հաշվառման համակարգում սահմանել հիմնական և ոչ հիմնական հասցեներ. նախագիծ․ Hetq.am

21:54 • 09.10.26

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է բնակչության պետական ռեգիստրում անձի հասցեների հաշվառման համակարգում նախատեսել երկու տեսակի հասցե՝ հիմնական և ոչ հիմնական։ Այս մասին հայտնում է Հետքը։

Հիմնական հասցեն անձի հայտարարած մշտական բնակության վայրն է։ Այն օգտագործվելու է բնակության վայրով պայմանավորված հանրային ծառայություններ մատուցելու, ընտրողների ռեգիստր վարելու և ընտրողների ցուցակներ կազմելու, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերով։ Անձի համար մեկ գործող հիմնական հասցե նախատեսելը նպատակ ունի ապահովել պետական մարմինների կողմից հասցեների վերաբերյալ տվյալների հստակ և միասնական օգտագործումը։

Ոչ հիմնական հասցեն նախատեսվում է որպես լրացուցիչ հասցե՝ պաշտոնական ծանուցումներ ստանալու կամ որոշ հանրային ծառայություններից օգտվելու համար։ Այն անմիջականորեն չի նույնացվում անձի մշտական բնակության վայրի հետ։ Ռեգիստրում կնշվի նաև, թե ինչ նպատակով է օգտագործվում յուրաքանչյուր ոչ հիմնական հասցեն։

Նախագիծը դեռևս հանրային քննարկման փուլում է։ Նախատեսվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։ Բնակչության հաշվառման լիազոր մարմինը միգրացիայի և քաղաքացիության բնագավառի պետական լիազոր մարմինն է։

Մինչև այս կարգավորման ուժի մեջ մտնելը բնակչության պետական ռեգիստրում հաշվառված անձինք կշարունակեն հաշվառված մնալ և նրանց մշտական կամ փաստացի բնակվելու (գտնվելու) վայրի հասցեն բնակչության պետական ռեգիստրում կգրանցվի որպես հիմնական հասցե։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։