Տարածաշրջանային տնտեսական հարթակը ադրբեջանական քարոզչության խոսափողի վերածելը հերթական արտաքին քաղաքական պարտությունն է և Հայաստանի իրական սուբյեկտայնության հերթական կորուստը․ Աշոտյան
Պահանջվու’մ է հայկական կողմի արձագանք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևը կրկին կոպտորեն խախտել է միջազգային պաշտոնյայի իր մանդատը։
ՍԾՏՀ ԽՎ ղեկավարության անունից պաշտոնական շնորհավորական ուղերձներ հղելով Ադրբեջանի ղեկավարությանը նոյեմբերի 8-ի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայի օրվա կապակցությամբ, և ամբողջ կազմակերպության անունից բացահայտ քաղաքական հայտարարություններ անելով՝ նա վարկաբեկում է տարածաշրջանային տնտեսական համագործակցության բուն սկզբունքը։
ՍԾՏՀ ԽՎ-ն միջխորհրդարանական կառույց է, որը կոչված է զարգացնելու տնտեսական երկխոսությունն ու բարիդրացիությունը Սևծովյան տարածաշրջանում, այլ ոչ թե սպասարկելու մեկ երկրի քարոզչական շահերը՝ ի վնաս մեկ այլ հիմնադիր պետության՝ Հայաստանի Հանրապետության։
Անհապաղ հարկ է բարձրացնել այս հարցը պաշտոնական մակարդակով՝ ՍԾՏՀ ԽՎ մշտական մարմիննեևում և վեհաժողովի լիագումար նիստում՝ պահանջելով ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևի հրաժարականը։
Իրավական հիմնավորումները հստակ են և արձանագրված են կազմակերպության հիմնադիր փաստաթղթերում.
1. Միջազգային ծառայողի անաչառության սկզբունքի խախտում
2. Տեխնիկական և գործադիր լիազորությունների գերազանցում.
3. Կազմակերպության նպատակների և սկզբունքների խաթարում։
Տարածաշրջանային տնտեսական հարթակը ադրբեջանական քարոզչության խոսափողի վերածելը հերթական արտաքին քաղաքական պարտությունն է և Հայաստանի իրական սուբյեկտայնության հերթական կորուստ։
Հրավիրում եմ ընդդիմադիր պատգամավորների ուշադրությունը»,- գրել է նա:















