«Փաստ» օրաթերթը գրում է.Վերջին շրջանում Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ բիզնեսի ներկայացուցիչները պարբերաբար բախվում են իրավապահ մարմինների կոշտ միջամտություններին։ Մասնավորաբար, կառուցապատողների նկատմամբ հարկային ստուգումներին զուգահեռ կիրառվող ուժային մեթոդները մտահոգիչ հարց են առաջացնում՝ որտե՞ղ է ավարտվում օրինական վերահսկողությունը և սկսվում բիզնեսի նկատմամբ ուժային տեռորը։
Ըստ առկա տեղեկությունների, որոշ ընկերություններ, չսպասելով դատական քննությանը, վճարել են իրենցից պահանջված գումարները։ Մյուսները, որոնք ամբողջությամբ կամ մասամբ վիճարկում են իրենց վերագրվող խախտումներն ու հաշվարկված պարտավորությունները, բախվում են ուժային ճնշման՝ բերման ենթարկելու, ձերբակալելու և կալանավորելու միջնորդություններ ներկայացնելու տեսքով։ Սակայն պահանջը վիճարկելը դեռևս մեղավորության ապացույց չէ, իսկ դատարանում սեփական դիրքորոշումը պաշտպանելը՝ յուրաքանչյուրի իրավունքն է։
«Փաստ» թերթի տեղեկություններով, նման գործողությունների են առնչվել, օրինակ՝ «Ռիդ», «Arcana», «Տեսարանշին» և այլ կառուցապատող ընկերություններ։ Ի մասնավորի, «Ռիդի» դեպքում, ըստ տեղեկությունների, ղեկավար կազմի ներկայացուցիչներին և աշխատակիցներին առավոտյան ժամը վեցին, առանց նախապես ներկայանալու ծանուցման, ուժային եղանակով տարել են իրավապահ մարմիններ։ Մինչդեռ ընկերության ներկայացուցիչները, մեր աղբյուրների փոխանցմամբ, համագործակցել են քննության հետ, տրամադրել պահանջված տեղեկությունները։
Ավելին՝ հնարավոր հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու համար դեպոզիտային հաշվին արդեն փոխանցված է եղել 530 միլիոն դրամ՝ ներկայացված պահանջի չափով։ Այդուհանդերձ, նրանց ձերբակալել են և պահանջել կալանավորել։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, դատարանը Ռուբեն Գրիգորյանին և ընկերության աշխատակիցներին ազատ է արձակել՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։
Նման գործելաոճի մասին հարց ուղղվել է նաև Նիկոլ Փաշինյանին։ Նա նշել է, որ պետք է ծանոթանա կոնկրետ դեպքին և ուսումնասիրի իրավիճակը։ Միաժամանակ ասել է, որ բացասաբար է վերաբերվում ուժային մեթոդներին և բիզնեսի նկատմամբ ճնշումներին։ Այս դիրքորոշման ֆոնին առավել հրատապ է հարցը՝ ինչո՞վ են հիմնավորվում կառուցապատողների նկատմամբ նման գործողությունները, և արդյո՞ք գնահատվում են դրանց տնտեսական հետևանքները։
Ուժային կառույցները գուցե չեն գիտակցում, թե բիզնեսի նկատմամբ նման վերաբերմունքն ինչպիսի ներդրումային անկման, տնտեսական անվստահության և անգամ կոլապսի վտանգ կարող է ստեղծել։ Բայց երկրի զարգացման համար քաղաքական պատասխանատվություն կրողները պարտավոր են դա հստակ հասկանալ։ Եթե այս գործելաոճը շարունակվում է՝ առանց հետևանքների գնահատման, ապա հարցն արդեն նրանց մասնագիտական կարողությունների և քաղաքական հեռատեսության մասին է։ Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում