Գիտնականները մարդկանց կոչ են արել իրենց ուղեղները նվիրաբերել գիտությանը

20:25 • 17.02.17

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բելմոնթ քաղաքում գտնվող Մըք Լին հոգեբուժարանի գիտնականները մարդկանց կոչ են արել մահից հետո իրենց ուղեղները նվիրաբերել գիտությանը` պատճառաբանելով, որ բավարար չեն ընկճախտից և հետտրավմատիկ սթրեսային խանգարումից տառապող մարդկանց ուղեղի առանձնահատկություններն ուսումնասիրելու համար անհրաժեշտ նյութերը: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Գիտնականների խոսքով` ուղեղի նմուշների պակասը հանգեցնում է ուսումնասիրություններում հնարավոր սխալների, ինչը կարող է անդրադառնալ նյարդային և հոգեկան հիվանդությունների բուժման համար նախատեսված դեղամիջոցների ստեղծման վրա:

Նշվում է, որ այժմ աշխարհի խոշորագույն պահեստներից մեկում առկա է ուղեղի ավելի քան 3 հազար նմուշ, որոնց մեծ մասը պատկանել է հոգեկան և նյարդային խանգարումներով մարդկանց: Հետազոտողները մտադիր են օգտագործել դրանք Պարկինսոնի և Ալցհայմերի հիվանդությունների, ինչպես նաև` զանազան հոգեկան խանգարումների դեմ դեղամիջոցներ մշակելու նպատակով: Սակայն փաստ է, որ համաշխարհային գիտական համայնքի համար նմուշների տվյալ քանակը բավարար չէ:

Գիտնականները մարդկանց կոչ են արել իրենց ուղեղները նվիրաբերել գիտությանը