ՄՏԿ-ն հավաքել է չինական կաղամբի առաջին «տիեզերական» բերքը (լուսանկար)

11:38 • 18.02.17

Միջազգային տիեզերակայանի անձնակազմը հավաքել է չինական կաղամբի առաջին բերքն ուղեծրում: Այս մասին հայտնում է ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) կայքը:

Աղբյուրը մանրամասնում է, որ չինական կաղամբի վեց թփի բերքահավաքն իրականացրել է բորտինժեներ Փեգի Ուիթսոնը, որը, ժամանելով կայան, այլ գործերից զատ հետևել է «բանջարանոցին»:

ՆԱՍԱ-ի հաղորդմամբ` անձնակազմի անդամները կփորձեն այն, սակայն բերքի մեծ մասը կուղարկվի Երկիր` հետագա ուսումնասիրությունների համար:

Նշվում է, որ չինական կաղամբի սերմերը ՄՏԿ են բերվել անցած տարվա ապրիլին: Ի սկզբանե վեց սերմերից մեկը չի ծլել, ենթադրաբար` հեղուկի պակասի պատճառով, սակայն, նախագծի ղեկավարների խոսքով, Ուիթսոնին հաջողվել է վերացնել այդ խնդիրը:

Ձգողականության պայմաններում բանջարեղեն աճեցնելու նպատակն անձնակազմի սննդակարգում բազմազանություն մտցնելն է և ավելի երկարատև ու ինքնավար առաքելություններին նախապատրաստելը, այդ թվում` թռիչք դեպի Մարս:

Գործակալությունը գրում է, որ սա բազմատեսակ բանջարեղենի արդեն հինգերորդ բերքահավաքն է ուղեծրում: Միջազգային տիեզերակայան ուղարկվող կուլտուրաների ընտրության ժամանակ ՆԱՍԱ-ն առաջնորդվում է աճեցրած բուսատեսակները հում վիճակում սննդի մեջ օգտագործելու հնարավորությամբ, ինչպես նաև` դրանց սննդարար հատկանիշներով:

 

 

ՄՏԿ-ն հավաքել է չինական կաղամբի առաջին «տիեզերական» բերքը (լուսանկար)