Չինական Հենան նահանգի երկաթուղային կայարանում ռոբոտ-պարեկ է հայտնվել (լուսանկարներ)
Չինական Հենան նահանգի երկաթուղային կայարանում ռոբոտ-պարեկ է հայտնվել՝ դառնալով իր տեսակի մեջ առաջին ռոբոտը, որը պարեկային ծառայություն է իրականացնելու Չինաստանի կայարաններում, հայտնում է China News Service-ը։ Հաղորդվում է, որ ռոբոտ-ոստիկանն իր ծառայությունն իրականացնում է Չժենչժոու քաղաքի արագընթաց գնացքների կայարանում։
Այն կարող է պարեկություն իրականացնել առանց մարդու օգնության, սքանավորել և ճանաչել ուղևորների դեմքերը։ Ռոբոտը կարող է նաև պատասխանել ուղևորների հարցերին, նաև նախազգուշացնել հրդեհի վտանգի մասին։ Նշվում է, որ շաբաթվա ընթացքում ռոբոտը կաշխատի թեստային ռեժիմով, ինչից հետո հերթապահություն կիրականացնի մշտական հիմունքով՝ գիշերային ժամերին։
Գործակալության հրապարակած լուսանկարներում երևում է, որ սև-սպիտակ ռոբոտի բարձրությունը մարդկային հասակից ցածր է, տեղաշարժվում է անիվների օգնությամբ, իսկ դրա վրա տեղակայված են բազմաթիվ զգայակներ։
Նշենք, որ 2016 թվականի սեպտեմբերի վերջին չինական Շենչժեն քաղաքի օդանավակայանի տերմինալներից մեկում ծառայության է անցել AnBot ռոբոտը։














