Ադրբեջանը «Երկաթե գմբեթը» չի կարող օգտագործել Հայաստանի «Սկադի» և «Իսկանդերի» դեմ. Վաղարշակ Հարությունյան (տեսանյութ)

18:16 • 18.02.17

Եթե Ադրբեջանը անգամ ձեռք բերի իսրայելական արտադրության «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգերը, չի կարող դրանք օգտագործել Հայաստանի ունեցած հրթիռային համակարգերի դեմ: Այս մասին Tert.am-ի հետ հարցազրույցում ասում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: «Ռուսաստանի կողմից Հայաստանին «Իսկանդերներ» մատակարարելուց հետո Ադրբեջանը չի կարող հանգիստ նստել: Նա պետք է լուծում գտնի, որ իր բնակչությանն ասի՝ դու պաշտպանված ես»,- ասում է Հարությունյանը: Բանախոսը նաև անդրադառնում է Բաքվում ՌԴ և ԱՄՆ շտաբի պետերի հանդիպմանը և հետաքննության մեխանիզմների ներդրման խնդրին:

-Ենթադրվում է, որ Իսրայելը մոտ ժամանակներս Ադրբեջանին «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգեր կմատակարարի: Որպես մասնագետ, որքանո՞վ եք հավանական համարում Ադրբեջանի կողմից այդ զինատեսակի ձեռքբերումը և ինչպե՞ս նա կարող է դա օգտագործել Հայաստանի և Արցախի դեմ:

-Ադրբեջանը հիմա լուծում է մեր հրթիռային համակարգերից պաշտպանվելու խնդիրը: Դա «Սկադ» համակարգն է, որը մենք ունեցել 1996 թ.-ից և «Իսկանդեր» համակարգը: Հիմա վերլուծենք, թե դա ինչ է տալիս Ադրբեջանին: Առաջին հերթին դա համակարգ է, որը գործում է ոչ թե այս կարգի, որոնք կոչվում են բալիստիկ, համակարգերի դեմ: «Երկաթե գմբեթը» միայն գործում է «Գրադի» նման համակարգերի դեմ: «Սկադի» և «Իսկանդերի» դեմ այն չի կարող գործել: Երկրորդ՝ դրա էֆեկտիվությունը: Ամերիկյան լավագույն հակահրթիռային համակարգերը՝ «Երկաթե գմբեթից» ավելի նոր մոդելի, իրաքյան պատերազմում գործել են հին մոդիֆիկացիա ունեցող «Սկադերի» դեմ և կարողացել են խոցել ընդամենը 20-25 տոկոսը: Իսկ Հայաստանի «Սկադ» հրթիռային համակարգերը նոր մոդիֆիկացիա են անցել: Էլ չասենք «Իսկանդերների» մասին: Ինչ վերաբերում է ձեռքբերման հնարավորության, բնական է, որ Ադրբեջանը Հայաստանին «Իսկանդերներ» մատակարարելուց հետո չի կարող հանգիստ նստել: Նա պետք է լուծում գտնի, որ իր բնակչությանն ասի՝ դու պաշտպանված ես: Ես չեմ կարող գնահատել ձեռքբերման հնարավորություն, որովհետև շատ գործոններ կան: ԱՄՆ-ում էլ հայկական համայնքը գործում է և այստեղ մենք խնդիր ունենք, որպեսզի թույլ չտանք, որ այդ գործարքը կայանա:

- Օրերս ՌԴ և ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետերը հանդիպեցին Բաքվում: Ինչ եք կարծում` ՌԴ-ն որպես զենք վաճառող երկիր նույն Ադրբեջանին որքանո՞վ կարող էր շահագրգռված լինել ԱՄՆ-ին որպես` Իսրայելի վրա յուրահատուկ լծակներ ունեցող երկրի տարհամոզելու` չեղյալ հայտարարելու գործարքը: Այսինքն` ունի՞ մոտիվացիա և հնարավորություն դա անելու:

-Բնական է, եթե այդ տեսանկյունից նայում ենք, Ռուսաստանը հետևում է: Այո, իր շահերից բխում է, որ պատերազմ չվերսկսի, իսկ ինչպես կարելի է դրան հասնել: Նա պետք է հետևի ռազմաքաղաքական բալանսին: Հասկանալի է, եթե դա խախտվեց, Ադրբեջանը կգնա պատերազմի: Չեմ բացառում, որ այդ տեսանկյունից կարող են խոսակցություններ եղած լինել, բայց հանդիպման հիմնական նպատակը դա չէ: Դրա հիմնական նպատակը ռուս-ամերիկյան հարաբերությունների վերանայումն է և հնարավոր համագործակցությունը՝ առաջին հերթին Սիրիայում: Ինչո՞ւ հանդիպումը Բաքվում, որովհետև ՌԴ ԶՈւ շտաբի պետ Գերասիմովի նկատմամբ պատժամիջոցներ կան, նա չի կարող գնալ որևէ եվրոպական պետություն: Եվ իրենք ընտրել են պետություն, որը չեզոք է:  

-Իվան Վոլինկինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում տողատակով, բայց ըստ էության,հասկացնել էր տվել, որ չպետք է Պուտինից ոչ իրական սպասումներ ունենալ: Նա հայտարարել էր, որ Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման երաշխավորը ոչ թե միայն Ռուսաստանն է, այլ ԵԱՀԿ ՄԽ-ն:

- Դեսպան Վոլինկինի հայտարարությունը նպատակ ունի ակտիվացնել Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի բանակցությունների պայմանավորվածությունները, որպեսզի նաև մյուս համանախագահներն սկսեն աշխատել, որոնք նույն ձև հաստատել են այդ մոտեցումը: Ակնհայտ պարզ է, թե ով է խախտում իրականացնում, բայց պետք է փորձենք հասկանալ՝ կարող են նույն համանախագահները հայտարարություն անել, թե ով է խախտում իրականացրել: Ոչ, որովհետև չկա հետաքննության մեխանիզմ:


Մանրամասները՝ տեսանյութում: