Համապատասխան պայմանների ստեղծման դեպքում պատրաստ ենք գործարկել ԼՂ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմը. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

14:03 • 19.02.17

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը «ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հեռանկարին: 

Լրագրողի այն հարցին, թե ինչպես է պաշտոնյան գնահատում ԼՂ տարածաշրջանի իրավիճակը, Զանյերը պատասխանել է. «Վերջին մի քանի օրերին կրկին միջադեպեր են եղել: Մենք խիստ անհանգստացած ենք դեպքերի զարգացմամբ»: 

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հիշեցրել է Մյունխենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման մասին՝ նկատելով, որ թեպետ բանակցությունները դրական ու կառուցողական բնույթ են կրել, այնուհանդերձ էական առաջընթաց չկա:     

«Մենք մեր կողմից պատրաստ ենք գործարկել այն մեխանիզմները, որոնց շուրջ կողմերը համաձայնության են եկել: Համապատասխան պայմանների ստեղծման դեպքում մենք պատրաստ ենք գործարկել միջադեպերի հետաքննության մեխանիզմը: Բայց մենք չեն կարող կողմերի փոխարեն որոշում կայացնել: Ցավոք, առաջընթացը խիստ սահմանափակ է»,-ասել է Զանյերը։