Lenovo-ն վերացնում է Motorola և Vibe բրենդները
Չինական Lenovo ընկերությունը դադարեցնում է Motorola, Vibe և այլ բրենդների սմարթֆոնների արտադրությունը: Այսուհետ ընկերության սմարթֆոնները կթողարկվեն Lenovo moto ապրանքանիշի անվան տակ: Այս մասին Lenta.ru-ին հայտնել է չինական ընկերության ներկայացուցիչը:
«Երբ գնեցինք Motorola Mobility-ն, մեր ընկերությունում երկու բջջային ստորաբաժանում առաջացավ. Lenovo-ն իր ենթակառուցվածքով և Motorola-ն: Այս ընթացքում իրականացվել է այդ ստորաբաժանումների միավորումը: Հենց այժմ կարելի է արձանագրել, որ գործընթացն ավարտվել է, և կլինի միասնական Lenovo moto բրենդը», - հաղորդել է Lenovo-ի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ միավորված ընկերության առաջին սմարթֆոնները կներկայացվեն 2017 թվականի փետրվարի 26-ին` Բարսելոնայում կայանալիք MWC ցուցահանդեսի ժամանակ:
Կայքի զրուցակիցը հավելել է, որ, չնայած սմարթֆոնները կթողարկվեն Lenovo moto բրենդի ներքո, սարքերի վրա կլինի միայն Moto լոգոտիպը:










