Իրաքցի զինվորականները լայնամասշտաբ գրոհ են սկսել Մոսուլի օդանավակայանի ուղղությամբ

13:25 • 23.02.17

Իրաքի անվտանգության ուժերը լայնամասշտաբ գրոհ են սկսել Մոսուլի օդանավակայանի և Մոսուլի հարավ-արևմուտքում գտնվող Ալ-Գազլանի ճամբարի ուղղությամբ, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի պետական հեռուստաընկերությանը:


Աղբյուրի տեղեկություններով՝ դաշնային ոստիկանության և արագ արձագանքման ուժերի ստորաբաժանումները՝ ավիացիայի և ծանր հրետանու աջակցությամբ, գրոհում են օդանավակայանի վրա մի քանի ուղղություններից՝ ոչնչացնելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պաշտպանական ամրությունների մեծ մասը:


Մեկ շաբաթ առաջ Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել է ԻՊ-ի գրոհայիններից Մոսուլի արևմտյան մասի ազատագրման գործողության մեկնարկի մասին:


ԻՊ խմբավորման ահաբեկիչներից արևելյան Մոսուլն ամբողջությամբ ազատագրվել է 2016 թվականի հոկտեմբերից ընթացող իրաքցի զինվորականների և ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող կոալիցիայի գործողության ընթացքում: Քաղաքի արևմտյան հատվածը դեռ մնում է գրոհայինների հսկողության տակ: