Ռեժիմը հուսահատ է և դառնում է ավելի իռացիոնալ․ Եվրախորհրդարանի պատգամավորը՝ Ադրբեջանի հարձակման փորձի մասին
Նրանք շարունակում են իրենց սադրանքի մարտավարությունը այն հույսով, որ Արցախի պատասխանը ի վերջո կլինի ավելի մեծամասշտաբ ռազմական գործողություն․Tert.am-ի հետ զրույցում խոսելով Ադրբեջանի՝ Արցախի վրա երկու ուղղություններով հարձակման փորձի մասին՝ ասաց Եվրախորհրդարանի անդամ Ֆրանկ Էնգելը (Լյուքսենբուրգ):
«Ռեժիմը հուսահատ է և դառնում է ավելի ու ավելի իռացիոնալ: Պատերազմը նրանց համար միակ միջոցն է շարունակելու գրավել հանրության աջակցությունը: Դա ողբերգական է և վտանգավոր»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն էր տարածել , ըստ որի՝ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր:
Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:










