Aston Martin-ն էքստրեմալ մոդելների նոր ենթաապրանքանիշ է ներկայացրել
Բրիտանական Aston Martin ընկերությունը Ժնևի ավտոսրահի շրջանակներում հայտարարել է AMR ենթաապրանքանիշի թողարկման մասին:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, այս անվանման ներքո թողարկվելու են ապրանքանիշի մոդելների էքստրեմալ շարքի տարբերակները, որի առաջին ներկայացուցիչները դարձել են Rapide հեթչբեքը և V8 Vantage կուպեի մրցարշավային տարբերակը: Ընկերությունից նշել են, որ նոր ապրանքանիշը կոչված է երթևեկելի մոդելները մոտեցնել մրցարշավայիններին:
Rapide հեթչբեքը զինված է 600 ձիաուժ հզորություն զարգացնող V12 շարժիչով, որը կարող է 338 կմ/ժամ առավելագույն արագություն զարգացնել: Ընկերության տվյալներով Rapide AMR մոդելն աշխարհի ամենաարագընթաց մեքենան է 4 դռնանիների շարքում:
Vantage AMR Pro մոդելը նախատեսված է ընդհանուր օգտագործման փողոցներում վարելու համար և զինված է 507 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչով: Vantage կուպեն ընկերությունը կթողարկի 7 օրինակով, իսկ Rapide AMR մոդելը` 210:















