ՆԱՍԱ-ն հայտնաբերել է 8 տարի առաջ Լուսնի ուղեծրում կորած զոնդը
ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) Ռեակտիվ շարժման լաբորատորիայի գիտնականները երկու անօդաչու տիեզերական ապարատ են հայտնաբերել: Դրանցից մեկը հնդկական «Չանդրայան-1» տիեզերական զոնդն է, որի հետ կապը կորել էր 2009 թվականի օգոստոսին: Այս մասին հայտնում է գործակալության պաշտոնական կայքը:
Նշվում է, որ Լուսնի ուղեծրում տիեզերական սարքերի գտնվելու վայրը որոշելու համար օգտագործվել է վերերկրյա ռադար: «Չանդրայան-1»-ից բացի՝ մասնագետները նաև հայտնաբերել են Lunar Reconnaissance Orbiter միջմոլորակային կայանը, որը բաց է թողնվել 2009 թվականին:
Գիտնականները նշել են, որ իրենք իմացել են կայանի գտնվելու վայրի ուղեծրային տվյալները, ահա թե ինչու են հեշտությամբ հայտնաբերել այն:
Աղբյուրի հաղորդմամբ` հնդկական զոնդի որոնումների գործընթացն ավելի բարդ է եղել, քանի որ ապարատը մոտ երկու անգամ ավելի փոքր է ավտոմեքենայից, և այն դադարել է ազդանշաններ տալ:
Այն պահի դրությամբ, երբ «Չանդրայան-1»-ի առաքելությունը վերահսկող մասնագետները կորցրել են կապը զոնդի հետ, այն ուղեծրի վրա անցկացրել է 312 օր և հասցրել ավելի քան 3 հազար պտույտ կատարել Լուսնի շուրջ:
Մասնագետները հայտարարել են, որ ապարատի առաքելությունն ավարտված է, և ընդգծել, որ զոնդը հասցրել է մեծ քանակությամբ արժեքավոր գիտական տվյալներ ստանալ:
![]()










