Բրիտանական լողափին պատմության մեջ առաջին անգամ կոկորդիլոսանման շնաձուկ է հայտնաբերվել (լուսանկարներ)
Կոկորդիլոսանման շնաձուկը (Pseudocarcharias kamoharai) այն հազվագյուտ տեսակներից է, որը հանդիպում է միայն Բրազիլիայի և Ավստրալիայի ափերի մոտ:
Սակայն ի զարմանս գիտնականների՝ պատմության մեջ առաջին անգամ այս ձկնատեսակը հայտնվել է Մեծ Բրիտանիայի առափնյա հատվածում ու ցամաք նետվել:
Շնաձկանը Դևոնի լողափերից մեկում առաջինը հայտնաբերել է Սթիվեն Գրինֆիլդսը, որն ընտանիքի հետ զբոսնում էր տեղանքով:
«Մենք հաճախ ենք այստեղ լինում ու առաջին անգամ էինք նման բան տեսնում: Բոլորս ապշած էինք: Ես ինքս ջրասուզորդ եմ, դայվեր ու նախկինում բրիտանական ափերի մոտ երբևէ այս տեսակին չէի հանդիպել»,-պատմել է տղամարդը:
Ավելի ուշ ժամանած մասնագետներն ուսումնասիրություն անցկացնելուց հետո հայտարարել են, որ սա կոկորդիլոսանման շնաձկանը բրիտանական ափերին հայտնաբերելու առաջին դեպքն է:
Ենթադրվում է, որ արևադարձային տաք ջրերում բնակվող շնաձուկը սատկել է՝ հայտնվելով Մեծ Բրիտանիան ողողող սառը ջրերում:
Վերացման վտանգի տակ գտնվող տեսակը միջինն ունի 1 մ երկարություն, սիգարի պես ուղիղ մարմին, արտասովոր մեծությամբ աչքեր, փոքր լողակներ ու ածելու պես սուր ատամներ:













