20 տարի անց մարդիկ կկարողանան բնակվել Երկրի շուրջ պտտվող տիեզերական գաղութներում. բրիտանացի փորձագետ

23:34 • 12.03.17

Հազարավոր մարդիկ 20 տարի անց կարող են բնակվել «լողացող տիեզերական գաղութներում», որոնք կպտտվեն Երկրի շուրջ: 

The Independent-ի փոխանցմամբ` նման կարծիք է հայտնել Բրիտանական միջմոլորակային միության ծրագրերի ղեկավար Ջերի Սթոունը: Նրա խոսքով` կյանքը տիեզերքում կարող է շատ ավելի առողջ լինել, քան Երկրի վրա՝ մարդկանց ավելի երկարակյաց և ավելի բարձրահասակ դարձնելով: 

Բրիտանական գիտական շաբաթի շրջանակներում Աբերդին քաղաքում ելույթ ունենալիս գիտնականը, ամփոփելով տիեզերքում մարդկանց գոյակցության վերաբերյալ հետազոտությունները, որոնք իրականացվել են 1970-ականներից ի վեր, հայտարարել է, որ մարդկությունն այժմ մոտ է այն կետին, որ նման գաղութներ կարող են կառուցվել` օգտագործելով Լուսնից և երկնաքարերից վերցված նյութերը: 

Նրա կարծիքով` տիեզերքի բնակիչները պետք է նախ արևային վահանակներ կառուցեն, որոնք նախատեսված կլինեն Երկրին էներգիա ապահովելու համար: Ըստ գիտնականի` դա շատ ավելի արդյունավետ կլինի, քան արևից էներգիա ստանալը Երկրի մակերեսին, քանի որ արևի ճառագայթներն անցնում են մթնոլորտով:

 

 

 

20 տարի անց մարդիկ կկարողանան բնակվել Երկրի շուրջ պտտվող տիեզերական գաղութներում. բրիտանացի փորձագետ