Էրդողանին աջակցող խումբը հաքերային հարձակման է ենթարկել մի շարք խոշոր կազմակերպությունների թվիթերյան էջերը
Twitter ընկերությունը հաստատել է, որ չորեքշաբթի հաքերային հարձակում է տեղի ունեցել մի քանի խոշոր կազմակերպությունների և ընկերությունների էջերի վրա, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
«Մենք տեղյակ ենք խնդրի մասին, որն անդրադարձել է առավոտյան մի քանի էջերի սեփականատերերին»,- ասել է Twitter-ի ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ հաքերների խումբը, որը հայտարարել է Թուրքիայի իշխանություններին աջակցելու մասին, կոտրել է բազմաթիվ Twitter-ի էջեր՝ այդ թվում միջազգային իրավապաշտպան Amnesty International ընկերության, ԱՄՆ-ում UNICEF-ի մասնաճյուղի և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության էջերը:
Կիբեռհարձակման են ենթարկվել նաև Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության, Եվրախորհրդարանի, գերմանական Borussia Dortmund ֆուտբոլային ակումբի, Չիկագոյի համալսարանի, Nike, Starbucks, Volkswagen ընկերությունների, Forbes ամսագրի և շատ այլ էջեր:
Տեղադրված հաղորդագրությունները պարունակում են սվաստիկայի պատկերներ և «նացիստական Գերմանիա» և «նացիստական Նիդեռլանդներ» հեշթեգերը, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթների հատվածներով տեսանյութ: Բացի այդ, հիշատակվում է ապրիլի 16 ամսաթիվը, երբ պետք է տեղի ունենա Թուրքիայում սահմանադրական բարեփոխման մասին հանրաքվեն: Էջերի մեծ մասն արդեն վերականգնել է աշխատանքը:










