Գիտնականները պարզել են, որ Ամազոն գետը 9 միլիոն տարեկան է. Globo
Բրազիլիայի համալսարանի գիտնականները եվրոպական երկրներից իրենց գործընկերների աջակցությամբ հայտնաբերել են, որ Ամազոն գետն իրականում 9 միլիոն տարեկան է: Մինչդեռ նախկինում ենթադրում էին, թե գետն ընդամենը 1 մլն տարեկան է:
«Ըստ էության, 9 մլն տարի առաջ Ամազոնը մի փոքրիկ լիճ է եղել, որի ջուրը տարածվել է դեպի հյուսիս և աստիճանաբար վերածվել գետի», - ասել է բրազիլացի երկրաբան Ռոբերտու Վենտուրան` Globo հեռուստաընկերության հաղորդմամբ:
Նախորդ ուսումնասիրությունների հեղինակները պնդում էին, թե Ամազոնի տարիքը տատանվում է 1 մլն-ից 1.5 միլիոն տարի: Ըստ Վենտուրայի, ներկայիս հայտնագործությունը թույլ կտա ոչ միայն ավելի լավ հասկանալ գետի պատմությունը, այլև կանխատեսել դրա ապագան:
«Հիմա Ամազոնում տեղի են ունենում տարօրինակ երաշտներ, և մենք չենք կարող հասկանալ դրանց բնույթը, եթե նայենք միմիայն ներկային», - ասել է գիտնականը:
Ամազոն գետը գտնվում է Հարավային Ամերիկայի հյուսիսային մասում: Դրա ավազանի մեծ մասը պատկանում է Բրազիլիային, իսկ հարավ-արևմտյան և արևմտյան շրջանները՝ Բոլիվիային, Պերուին, Էկվադորին և Կոլումբիային: Բացի այդ գետը հայտնի է իր չտեսնված հորդառատությամբ, ինչպես նաև ափամերձ հսկայական ջունգլիներով:










