Վարչապետ Կարեն Կարապետյանի դիրքորոշումն ավելի է կոշտանալու.քաղտեխնոլոգ (տեսանյութ)

21:12 • 08.04.17

Քաղտեխնոլոգ Վիգեն Սարգսյանի հետ Tert.am–ը զրուցել է նախկին կառավարությունների արդյունավետության և նոր ձևավորվելիք կառավարության մասին։ Ըստ Վիգեն Հակոբյանի՝ նոր կառավարության կազմում 3-4 նախարար կփոխվի, սակայն վարչապետ Կարեն Կարապետյան իր դիրքորոշումները կկոշտացնի։ Հակոբյանի  կարծիքով՝ ներկայիս պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու  արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կշարունակեն մնալ գործադիր մարմնի անդամ։

– Նորանկախ  Հայաստանը 14 կառավարություն է փոխել։ Այս կառավարություններն ի՞նչ նորամուծություն են արել, նրանցից  ո՞րն է մաքսիմալ լավ կառավարել երկիրը և հակառակը։

– Ամբողջ խնդիրն այն է, թե ամեն մեկն ինչ խնդիր է լուծում, իր առջև ինչ խնդիր է դրել։ Մենք ունեցել ենք առաջին կառավարություններ, որոնք բավականին բարդ խնդիրներ էին ունեցել ու համակարգային փոփոխություններ պետք է մտցնեին։ Համակարգային փոփոխություն ասելով նկատի ունեմ, որ սոցիալիզմից պետք է անցնեին ազատ տնտեսական, իսկ այդ ժամանակ պետք է իրականացվեին կտրուկ, այդ թվում նաև ոչ պոպուլյար փոփոխություններ։ Սակայն փոփոխությունների որոշ մասն անհաջող էր, և հետևանքը մինչ օրս զգում են՝ սկսած սեփականաշնորհումներից։ Ամեն կառավարություն, ըստ էության, փորձել է իր ոճը մտցնել, և նրանցից մի մասը եղել է քաղաքական կառավարություններ, մի մասը՝ տեխնիկական։ Օրինակ՝ 1998 թվականի Արմեն Դարբինյանի կառավարությունը, եթե չեմ սխալվում, արհեստավարժների կառավարություն էին համարում։ Չեմ կարծում, որ եղել են  կառավարություններ, բացի 1-2 կառավարություններից, որ արել են համակարգային փոփոխություններ, սակայն նրան էլ ստիպված էին։։

– Այսօր կառավարության դերը մեծացված է, նոր կառավարությունն ի՞նչ որակներ պետք է ունենա մաքսիմալ արդյունավետ կառավարելու համար։

– Ըստ վարչապետի  նախնական հայտարարությունների՝ տնտեսության վիճակը չափազանց ծանր է, այսինքն՝ պետք է լուծի արտակարգ ռեժիմով խնդիրներ։ Ինձ բացարձակ չի զարմացնում այն, որ վարչապետն ընտրություններից հետո հայտարարեց, թե արտակարգ ռեժիմով են աշխատելու։ Ֆոնային փոփոխություններ կան, սակայն կարծում եմ, որ ցուցադրված աճը հիմնականում ստվերից հանվածն է, այլ ոչ թե տնտեսությունն է արագ աճել, որովհետև լավ չեմ պատկերացնում, թե որևէ մի բանի արտադրությունը ոնց կարող է աճել 300 կամ 150 տոկոսով։ Հաշվի առնելով, որ 10 տոկոս եկամուտներ ավելացել են, կարծում եմ, որ ստվերն է կրճատվել, այլ ոչ թե նման կտրուկ աճ է եղել ապրանքաշրջանառության մեջ։ Կառավարությունը, եթե զբաղվի միայն եղած համակարգից մաքսիմումը քամելով, ապա ուշ, թե շուտ պատի կհանդիպի, այսինքն՝ պետք է կատարվի օպերատիվ կառավարում և օպերատիվ փոփոխություն։

– Ինչ եք կարծում՝ ձևավորվող կառավարությունը կպահպանի իր այսօրվա տեսքն, այսինքն՝ կլինեն վերանշանակումներ, թե՞  նոր կառավարություն վարչապետը կձևավորի։

Կարծում եմ՝ որոշակի փոփոխություններ կլինեն, բայց չեմ կարծում, թե փոփոխությունները շատ կտրուկ կլինեն։ Կարող են լինեն նաև կառուցվածքային փոփոխություններ որոշ  նախարարություններ կմիավորվեն, կանջատվեն, նույնիսկ նախարարություններ ստատուս կկորցնեն, կլինեն անձնավորված կադրային փոփոխություններ։ Մենք հասկանում ենք, որ այս կառավարությունը ևս մեկ փուլային ճանապարհ ունի անցնելու մինչև 2018 թվական, բայց արդեն գիտենք, որ փոփոխություններ կլինեն, 3-4 հոգի մաքսիմում կփոխվի։

– Վարչապետ Կարեն Կարապետյանը սկզբնական շրջանում բավականին խիստ էր խոսում նախարարների հետ։ Հիմա նրա մոտ ոճի փոփոխություն նկատո՞ւմ եք։

– Սկզբնական փուլում Կարեն Կարապետյանը նույնիսկ ավելի ոչ խիստ դրսևորումներ էր  ցուցաբերում։ Կառավարությունը, քանի որ ճգնաժամային է, այսինքն՝ ճգնաժամային հարցեր  է լուծում,  վերաբերմունքն ավելի է կոշտանալու, քանի որ շատ դժվար ժամանակաշրջանում է  աշխատում։ Բացի սա այս կառավարության էֆեկտիվությունից է կապված 2018 թվականի թե՛ վարչապետի պաշտոնավարման պայմանը, թե՛ ամբողջ կառավարության հետագա գործունեությունը։ Վարչապետի ոճը, որը սկզբնական փուլում բավական դեմոկրատական էր, ապա հիմա, ընդհանուր առմամբ, կյանք է ստիպելու ավելի կարծր դիրքորոշում ընդունել նախարարների նկատմամբ։


Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։