Աշխարհում առաջին սերտիֆիկացված աերոտաքսին կսկսի ուղևորներ տեղափոխել արդեն հաջորդ տարի (լուսանկարներ)

14:46 • 10.04.17

Չնայած նրան, որ ցամաքային փոխադրամիջոցներն ամեն տարի է՛լ ավելի կատարյալ են դառնում, դա ոչ մի կերպ չի նպաստում ճանապարհային խցանումների խնդրի լուծմանը: Սակայն արդեն մոտ է այն օրը, երբ ֆանտաստիկ ֆիլմերը, որտեղ մարդիկ քաղաքում տեղաշարժվում են օդով, մարգարեական կդառնան, գրում է bigpicture.ru կայքը:


Գերմանական E-volo ինժեներական ընկերությունը հայտարարել է, որ արդեն հաջորդ տարի նրանց ստեղծած Volocopter 2X անվանումով սարքը կունենա սերիական արտադրություն և կդառնա աշխարհում առաջին սերտիֆիկացված աերոտաքսին:


Ուղևորատար դրոնների ոլորտում աշխատանքներ են իրականացնում միանգամից մի քանի ընկերություն: Այնուամենայնիվ, այսօրվա դրությամբ միայն E-volo-ն է մոտեցել կոնցեպտի փուլը հաղթահարելուն: Անցած տարվա մարտին ընկերությունն անցկացրել է Volocopter VC200-ի նախատիպի առաջին փորձնական թռիչքը:


E-volo-ի ներկայացուցիչների խոսքերով՝ Volocopter 2X-ի կանոնավոր օգտագործումը Գերմանիայում կսկսվի 2018 թվականին: Այն կարող է ցամաքից կառավարել օպերատորը, ինչպես նաև՝ ընթանալ ուղեգծով ինքնուրույն կամ կառավարվել օդաչուի կողմից: Բայց օրենսդրական սահմանափակումների պատճառով՝ սկզբնական շրջանում կօգտագործվի միայն երրորդ տարբերակը:


Բազմակոպտերը (մի քանի օդային պտուտակ ունեցող պտուտակաթև թռչող սարք) կարող է ընդունել մինչև 160 կիլոգրամ բեռ կամ միջին ծանրության երկու մարդու: Առավելագույն ծանրաբեռնվածությամբ՝ թռչող սարքը կարող է 70 կմ/ժ արագությամբ անցնել 27 կիլոմետր կամ 27 րոպե մնալ օդում, բայց այդ դեպքում արագությունը չպետք է գերազանցի 50 կմ/ժ:


Սարքի առավելագույն արագությունը կազմում է 100 կիլոմետր/ժամ, իսկ մարտկոցների լիցքավորումը տևում է մոտ երկու ժամ:


Volocopter 2X-ի գնի մասին պաշտոնապես դեռ չի հաղորդվում:

 

 

 

Աշխարհում առաջին սերտիֆիկացված աերոտաքսին կսկսի ուղևորներ տեղափոխել արդեն հաջորդ տարի (լուսանկարներ)