Microsoft Word-ի բոլոր տարբերակներում վտանգավոր խոցելիություն է հայտնաբերվել

14:17 • 11.04.17

Ամերիկյան FireEye ընկերության տեղեկատվական անվտանգության մասնագետները հայտնել են, որ Microsoft Word-ի բոլոր տարբերակներում վտանգավոր խոցելիություն է հայտնաբերվել, որը թույլ է տալիս վնասակար ծրագրային ապահովում ներբեռնել «զոհի» համակարգիչ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Աղբյուրի հաղորդմամբ` հարձակումն իրականացնելու համար չարագործները RTF ֆորմատի վնասակար փաստաթուղթ են ուղարկում օգտատիրոջը, որը տարածվում է էլեկտրոնային նամակին կից ուղարկվող փաստաթղթի տեսքով: Այնուհետև իրականացվում է Visual Basic սկրիպտը, որն արդյունքում հաքերներին հնարավորություն է տալիս վնասակար ծրագրային ապահովում ներբեռնել և վերահսկողություն սահմանել հարձակման զոհի համակարգչի նկատմամբ:

Հայտնի է, որ այդ խոցելիությունը թույլ է տալիս շրջանցել բոլոր պաշտպանական միջոցները: Այն գործում է Windows օպերացիոն համակարգով աշխատող բոլոր տարբերակների, այդ թվում` Windows 10-ի դեպքում:

Նշվում է, որ Microsoft-ն արդեն տեղեկացվել է խնդրի առկայության մասին, և խոցելիությունը վերացնելու ուղղությամբ հատուկ փոփոխությունները կարող են թողարկվել ապրիլի 11-ին` «թարմացումների երեքշաբթիի» շրջանակներում:

Microsoft Word-ի բոլոր տարբերակներում վտանգավոր խոցելիություն է հայտնաբերվել