«Անհոգի ծառայություն». ճապոնական հյուրանոցներից մեկում ռոբոտներ են աշխատում (լուսանկարներ)
Հայտնի է, որ վերջին տասնամյակներում տարածում են գտել ռոբոտները, որոնք ի վիճակի են մարդուն փոխարինել գրեթե յուրաքանչյուր ոլորտում. նրանք պատասխանատու և պրակտիկ աշխատողներ են: Վերջերս Բոստոնի համալսարանի տնտեսագետներն ուսումնասիրություն են անցկացրել և պարզել, որ արտադրության գործընթացում մեկ ռոբոտ ներգրավելու դեպքում մինչև վեց մարդ կորցնում է իր աշխատանքը, իսկ կոնկրետ ընկերությունում աշխատավարձն իջնում է երեք քառորդ տոկոսով: Բրիտանացի գիտնականների պնդմամբ` առաջիկա 15 տարում միայն Մեծ Բրիտանիայում ավելի քան 10 միլիոն բանվոր իրենց տեղերը կզիջեն ռոբոտներին:
Հայտնի է, որ ռոբոտացման մակարդակով Ճապոնիան զբաղեցնում է առաջին տեղն աշխարհում. այնտեղ «խելացի» մեքենաներ կարելի է տեսնել ամենաանսպասելի վայրերում: Այսպես, օրինակ, անցած տարի Նագասակի քաղաքում բացվել է Henn-na («Տարօրինակ») հյուրանոցը, որում համարյա ամբողջ անձնակազմը կազմված է ռոբոտներից:
Bigpicture-ը գրում է, որ ընդունարանում հյուրերին դիմավորում են հումանոիդ աղջիկը, թիթեռ-փողկապով դինոզավրը և փոքրիկ անդրոիդը: Նրանք տիրապետում են տասնյակ լեզուների և մարդկանց բացատրում հյուրանոցում բնակվելու ընթացակարգը: Անհրաժեշտության դեպքում նրանք կարող են տաքսի պատվիրել և պատասխանել Նագասակիի զբոսաշրջային վայրերի վերաբերյալ հարցերին: Հյուրանոցի ճաշարանում աշխատում են ռոբոտ մատուցողները, որոնց դեմքի հատվածում տեղադրված էկրանը ժպիտ է արտապատկերում:
Աղբյուրի հաղորդմամբ` հյուրանոցի ռոբոտ աշխատակիցները մատուցում են այնպիսի ծառայություններ, ինչպիսին են ուղեբեռի առաքումը համար, իրերի դասավորումը դարակներում, լույսի միացումն ու անջատումը, եղանակի կանխատեսումը, զարթուցիչ դնելը և այլն:
Նշվում է, որ հյուրանոցը համապատասխանում է ամենախիստ բնապահպանական չափանիշներին. սովորական օդորակիչների փոխարեն այնտեղ օգտագործվում է սառեցման նորարարական համակարգ, իսկ էլեկտրաէներգիա ստանալու համար տանիքներին տեղադրված են արևային մարտկոցներ:





















