Մոնակոյում կցուցադրվի սերիական արտադրության համար նախատեսված առաջին թռչող ավտոմեքենան
Սլովակյան AeroMobil ընկերությունը, որն զբաղվում է համանուն թռչող ավտոմեքենայի մշակմամբ, իր առաջին կոմերցիոն մոդելը կներկայացնի Մոնակոյի TOP MARQUES ցուցահանդեսին:
Ինչպես հայտնում է Euromag-ը, թռչող ավտոմեքենայի կամ ճանապարհով երթևեկող ինքնաթիռի տեսք ունեցող հիբրիդային տրանսպորտային միջոցի կոնցեպտն արդեն իրագործվել է 20-րդ դարի առաջին կեսին: Որպես օրինակ կարող է ծառայել Airphibian սարքը, որը կառուցվել է 1946-ին: Թեև այս ոլորտում աշխատանքներ վաղուց են տարվում, սերիական արտադրություն դեռևս չի սկսվել:
AeroMobil-ի նախագծի համաձայն` նորագույն մոդելը համալրված է ծալովի թևերով, ինչը թույլ է տալիս երթևեկել նաև սովորական ճանապարհներին: Առաջին թռչող նախատիպը ներկայացվել էր 2013-ին: 2015-ին փորձարկման ենթարկված մոդելը մինչև 160 կմ/ժամ արագություն էր զարգացնում, իսկ օդում` մինչև 200 կմ/ժամ:











