«Եվրատեսիլի» կազմակերպիչները կարող են Ռուսաստանին հեռացնել 2018-ի մրցույթից

23:35 • 14.04.17

Եվրոպական հեռարձակողների միության ղեկավարությունը կարող է որոշում կայացնել 2018-ին «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցելուց Ռուսաստանի հեռացնելու մասին:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հաղորդել է ԵՀՄ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դևիդ Գուդմանը: «Այժմ ԵՀՄ-ի ուշադրությունը կենտրոնացած է այս տարվա մրցույթի վրա: Ցանկացած որոշում հետագայում ձեռնարկվելիք միջոցառումների մասին կկայացվի միջոցառումից հետո», - ասել է վերջինս` պատասխանելով Ռուսաստանի հնարավոր հեռացման մասին հարցին:

Նշվում է, որ նման հաղորդման համար պատճառ է դարձել «Եվրատեսիլ-2017» համաեվրոպական մրցույթը չհեռարձակելու մասին ՌԴ Առաջին ալիքի որոշումը:

Ինչպես հայտնի է, Ռուսաստանի մասնակից Յուլյա Սամոյլովային թույլ չեն տվել մուտք գործել Ուկրաինա, որի պատճառով նրա մասնակցությունը մրցույթին չեղարկվել է: