Հետազոտողները բացահայտել են տարբեր կայքերի համար կատարյալ լուսանկար ընտրելու գաղտնիքը
Ավստրալական Նոր Հարավային Ուելսի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել և պարզել` ինչպես է պետք կատարյալ լուսանկար ընտրել տարբեր կայքերի համար: Հետազոտության արդյունքների համաձայն` ծանոթության կայքերում, Facebook-ում կամ գործնական կայքերում լավագույն լուսանկարի ընտրությունը պետք է թողնել այլ մարդկանց: Համապատասխան հոդվածը հրապարակվել է Cognitive Research: Principles and Implications ամսագրում:
«Ինչպես հայտնի է, մենք անծանոթ մարդկանց բնավորության և անձնական հատկանիշների մասին պատկերացումներ ենք կազմում նրանց լուսանկարը տեսնելուց մեկ վայրկյան անց, ինչն ազդում է այդ մարդու գործնական կամ ռոմանտիկ հեռանկարների վրա: Ահա թե ինչու մեր հետազոտությունն ամբողջությամբ իրական գործնական կիրառում ունի. եթե ուզում եք հայտնի լինել և կատարյալ տեսք ունենալ համացանցում, մեկ ուրիշին խնդրեք ընտրել ձեր լուսանկարը», - հայտնել է Նոր Հարավային Ուելսի համալսարանի գիտնական Դևիդ Ուայթը:
Գիտնականների հաղորդմամբ` հետազոտությունն անցկացնելու գաղափարը ծագել է այն ժամանակ, երբ իրենք նկատել են, որ գործընկերները երկար ժամանակ են ծախսել գործնական կայքերում «լուրջ» լուսանկար և Facebook-ում կամ ծանոթության կայքերում զվարճալի լուսանկար ընտրելու համար: Շատ դեպքերում հետազոտողներին թվացել է, թե նրանց ընտրությունն անհաջող է եղել, և նրանք որոշել են օգնել իրենց գործընկերներին` ստուգելով, թե ով է ավելի լավ լուսանկարներ ընտրում` դրանցում պատկերված մարդը, թե անծանոթ մարդիկ:
Այս նպատակով գիտնականները համալսարանի 102 ուսանողից կազմված կամավորների խումբ են հավաքել և խնդրել նրանց բերել կամ ուղարկել 12 պատահական լուսանկար: Յուրաքանչյուր ուսանող պետք է պատկերացներ, որ ինքը գրանցվում է ծանոթությունների կայքում, Facebook-ում կամ գործնական կայքում և երկու լուսանկար ընտրեր դրա համար` ամենահաջողվածն ու ամենավատը:
Դրանից հետո գիտնականները խնդրել են նրանց դիտել փորձարկմանը մասնակցող անծանոթ մարդկանց 12 լուսանկար, յոթ բալանոց սանդղակով գնահատել նրանց գրավչությունը, պրոֆեսիոնալիզմն ու ներկայանալի տեսքը և ընտրել, նրանց կարծիքով, լավագույն լուսանկարները: Արդյունքում բոլոր ուսանողների յուրաքանչյուր լուսանկար գնահատել են թե՛ իրենք` ուսանողները, թե՛ իրենց անծանոթ մարդիկ:
Համեմատելով այդկերպ ստացված գնահատականները` գիտնականները եկել են այն եզրակացության, որ այդ գործընթացն ավելի լավ է վստահել անծանոթ մարդու. միջինն այդ մարդկանց հաջողվել է շատ ավելի լավ լուսանկարներ ընտրել բոլոր երեք տեսակի սոցցանցերի համար:
Այսպես, օրինակ, անծանոթների ընտրած լուսանկարները Facebook-ի համար միջինը երկու անգամ ավելի մեծ քանակով հավանություններ են հավաքել, քան այն լուսանկարները, որոնք նախընտրել են այդ նկարներում պատկերված ուսանողները, իսկ ծանոթության կայքերի համար նախատեսված լուսանկարները 5-6 անգամ ավելի գրավիչ են եղել: Այս օրինաչափությունն ավելի քիչ է արտահայտվել «լուրջ» լուսանկարների ընտրության ժամանակ. այստեղ «ուրիշի կարծիքի» գերազանցությունը համարյա աննկատ է եղել:
Հետաքրքրական է, որ այդ տարբերությունները կապված չեն եղել ուսանողների` կոնկրետ նպատակներով լուսանկար ընտրելու անկարողությամբ. նրանք միշտ նախընտրել են համապատասխան, բայց ոչ լավագույն լուսանկարը:
Ուայթը և նրա գործընկերները չգիտեն` ինչու են մարդիկ անկարող ընտրել իրենց իսկ կատարյալ լուսանկարը, սակայն հեշտությամբ անում են դա անծանոթների համար: Նրանք մտադիր են բացահայտել այս գաղտնիքը հետագա՝ ավելի լայնածավալ հետազոտությունների ընթացքում:











