Պետք է գործոն դառնալ միջազգային հարաբերություններում, այլապես մեր հարցը մանրադրամ կդառնա համաշխարհային քաղաքականության մեջ. Հայկ Դեմոյան
Պետք է փոխել մոտեցումը, որ ոչ թե ամեն ապրիլ 24-ին գանք ու ծաղիկներ դնենք, և մնացած տարին ապրել ապրիլի 25-ի հոգեբանությամբ. Ծիծեռնակաբերդում Tert.am-ի հետ զրույցում ասաց Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
«Պետք է դառնալ գործոն միջազգային հարաբերություներում, եթե գործոն չենք որպես համահայկական կառույց, համախմբված հայություն, ապա մեր հարցը դատապարտված է միայն մեկ բանի, մանրադրամ լինել համաշխարհային քաղաքականության մեջ»,-ասաց Դեմոյանը:
Ըստ նրա՝ իրավական առումով պետք է կարողանանք արագ արձագանքել աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին: «Պետք է գիտակցել, որ Հայոց ցեղասպանության հարցը պատմական հիշողության և ազգային ողբերգության հարց չէ սոսկ, դա անվտանգության հարց է: Ցավոք, մեզանում փորձում են խուսափել այս հարցին, փախչել՝ համարելով ամոթալի պարտություն, մեր ողբերգությունը, որ հերիք է խոսել: Մենք պետք է առաջինը հասկանանք, որ սա մեր երկրի համար մեկ անվտանգության հարցերից մեկն է: Ինչ է ցեղասպանությունը. դա մեկ տեսակի ոչնչացման խնդիր է, իսկ ինչ է այսօր փակ սահմանը, դա արդեն պետականության դեմ եղեռնագործության դրսևորումն է։ Ուրեմն համար մեկ խնդիրը, որտեղից պետք է արծարծենք այդ խնդիրը, դա անվտանգության հարցն է»,-ասաց նա:
Հայկ Դեմոյանի խոսքով՝ ճանաչման գործընթացը դանդաղել է: «100-ամյակից հետո տրամաբանորեն պետք էր սպասել, որ գործընթացի որոշակի ակտիվության նվազում պետք է լիներ, քանի որ 100-ամյակն, ի վերջո, ուժերի մոբիլիզացիա էր, տրամաբանորեն այդ էներգիայի պարպումը տեղի ունեցավ և մոտակա տարիներին կտեսնենք նոր մոտեցումներ: Ի վերջո, փոխվում է աշխարհը, նոր մոտեցումներ են գալիս, և պետք է պատրաստ լինենք, այլ հարց է՝ մենք պատրա՞ստ ենք, թե ոչ այս նոր զարգացումներին, այս խնդիրն է, որ մեր պետականության և սփյուռքի առջև է դրվելու մշտնջենական, որ մենք կարողանանք ճիշտ օրակարգ ձևավորել, այդքանով մենք հաջողություն կունենանք»,-ասաց նա:
Նա անդրադարձավ թղթածրարի գործընթացին և հիշեցրեց, որ անդրադարձ կար նաև հատուցման հիմնախնդիրներին, 2015 թ-ին հունվարին այստեղ ընդունված հռչակագրի տեքստում: «Դա պատահական չէ. աշխատանքներ տարվում են թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։ Ճիշտ է, ես կցանկանայի այլ կերպ այդ աշխատանքները իրականցվեին՝ համադրված մեկ օրակարգով: Դա շատ կարևոր է, մենք ցաքուցրիվ ամեն մեկս փորձում ենք ներկայանալ որպես առանձին ինքնություն: Այդուհանդերձ, կարծում եմ նման խնդիր պետք է դրվի համահայկական խորհրդի առջև: Եթե չկարողանանք այն դարձնել աշխատող կառույց, վստահություն կմոտենան այդ կառույցին, փոխադարձ վստահության դեպքում կարող ենք խոսել հատուցման և մնացած հարցերից»,-ասաց նա:










