Մենք իրենց տրամադրած հաշվապահների հետ ինչի՞ պիտի աշխատենք. տոնավաճառի աշխատակիցը՝ ՊԵԿ առաջարկի մասին
Կառավարությունն ինչպե՞ս է 50 հազար տնտեսվարողի համար հաշվապահ տրամադրելու: Tert.am-ի հետ զրույցում նման հարց բարձրացրեց Կառավարության դիմաց տևական ժամանակ բողոքարկող տոնավաճառի աշխատակիցներից մեկը՝ Գևորգ Դանիելյանը՝ խոսելով Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Վարդան Հարությունյանին այսօրվա հայտարարության մասին, որով փոքր բիզնեսին առաջարկում են հաշվապահական աջակցություն:
Հիշեցնենք, որ տոնավաճառում կատարված ստուգումներից հետո աշխատակիցները հրաժարվել են աշխատել, նշելով, որ կառավարությունը իրենցից սկսել է պահանջել փաստաթղթաշրջանառության մասին տեղեկությունների փաթեթ, որը, վաճառականների խոսքով, նրանց համար հավելյալ ֆինանսական ծանրաբեռնվածություն է ու պահանջում է հաշվապահական աշխատանք:
Դանիելյանն ասաց, որ իրենք չեն ցանկանում աշխատել կառավարության տրամադրած հաշվապահների հետ, որովհետև նրանց չեն վստահի: «Իրենց հաշվապահները, որ խոսք են տալիս, դա ամեն դեպքում փող ա: Կվերցնեն, օրինակի համար, կասեն՝ դուք պիտի տայիք էսքան, տվեք էսքան... Մենք իրենց տրամադրած հաշվապահների հետ ինչի՞ պիտի աշխատենք: Իրա հաշվապահը ինչի՞ պիտի իմանա, թե ես ինչ եմ անում... Անվստահությունից բացի, դա զուտ ձևական բան ա: 50 հազար տնտեսվարողի համար ո՞նց են հաշվապահ վարձելու»,- ասաց տոնավաճառի աշխատակիցը:
Առևտրականն ասաց, որ վաճառականներից մարդիկ կան, ովքեր իրենք իրենց հաշվապահն են:
Ինչ վերաբերում է ՊԵԿ ղեկավարի հայտարարությանը, թե փոքր տնտեսվարողների առաջ պահանջ է դրվել ՀԴՄ-ներ տրամադրել, Գագիկ Դանիելյանն ասաց, թե ՀԴՄ իրենք տրամադրում են: «Մենք ՀԴՄ տրամադրում ենք: Մենք փաստաթղթավորմանն ենք դեմ: ՀԴՄ տալիս ենք, ոնց չենք տալիս...»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ՊԵԿ ղեկավարը հայտարարել է, որ առևտրականները ՀԴՄ չեն տրամադրում, ուստի իրենք չեն կարողանում ֆիքսել առևտրաշրջանառության և ըստ այդմ՝ հարկի չափերը, տոնավաճառի աշխատակիցն այսպես արձագանքեց. «Բա որ ՀԴՄ չեն խփում՝ խի՞ չեն տուգանում: 150 հազար պիտի տուգանվի ՀԴՄ չխփելու համար, ինչի՞ համար պետք ա տուգանվեն, եթե կարան էդ 20 հազարի չեկը խփեն: Պահի տակ, կարող է հերթ լինի, 30 հազարի առևտուր լինի, մեկը գա մի հատ մանկական տռուսիկ ուզի, 300 դրամը քցի գնա, չսպասի, որ ՀԴՄ խփենք: Թե չէ, որ ՀԴՄ չտանք, նման բան չկա»:










