Ավստրիան ցմահ ազատազրկման է դատապարտել սիրիացու, ով պարծեցել է հայրենիքում գործած սպանություններով
Սիրիայից տղամարդը ցմահ ազատազրկման է դատապարտվել Ավստրիայում՝ մեղադրվելով իր հայրենիքում կառավարական ուժերի 20 վիրավոր զինվորի սպանության համար, որոնք որակվել են որպես պատերազմական հանցագործություն, գրում է The Guardian-ը:
Ավստրիական Ինսբրուկ քաղաքի դատարանը վճռել է, որ 27-ամյա տղամարդը մեղավոր է ահաբեկչական հանցագործություն կատարելու համար:
Տղամարդը ձերբակալվել է անցած հունիսին Տիրոլում գտնվող փախստականների ապաստարանում, երբ նրա մասին իրավապահ մարմիններին տեղեկություն է հայտնել նրա հայրենակիցը:
Ավստրիական ԶԼՄ-ների համաձայն՝ կասկածյալը պարծեցել է փախստականի կարգավիճակի համար դիմած մյուս սիրիացիներին ապստամբ խմբի պատկանելու և 2013-2014 թվականներին Հոմսում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին հավատարիմ ուժերի անզեն կամ վիրավոր զինվորներին սպանելու համար:
Իր ձերբակալությունից հետո տղամարդը նախ խոստովանել է սպանությունները, բայց հետո հետ է վերցրել իր խոստովանությունը՝ ասելով, թե այն սխալ է թարգմանվել:
Թարգմանիչը հերքել է այդ պնդումը դատարանում՝ ասելով. «Պաշտպանյալն ինձ ասել է, որ նա սպանել է ծանր վիրավոր զինվորներին: Ես խնդրել եմ նրան կրկնել իր պնդումը, և նա արել է դա»:
Նշվում է, որ սա առաջին անգամն է, որ Սիրիայում պատերազմական հանցագործություններին վերաբերող դեպքը քննվել է Ավստրիայում:
Der Standard-ի հաղորդմամբ՝ տղամարդը ծագումով պաղեստինցի է և մեծացել է Հոմսում փախստականների ճամբարում:










