ՀՀ և ԵՄ ցանկությունն է համագործակցության նախաստորագրված համաձայնագիրը ստորագրել այս տարվա նոյեմբերին. ԱԳ փոխնախարար
Հայաստանի և Եվրամիության ցանկությունն է համագործակցության մասին նախաստորագրված համաձայնագիրը ստորագրել այս տարվա նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընթացքում։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ում վրա դրված էին «Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիր» անունը կրող այս նոր փաստաթղթի շուրջ հայկական կողմի գլխավոր բանակցողի պարտականությունները: Կարեն Նազարյանն ասաց, որ արդեն իսկ մեկնարկել են տեքստի իրավական հղկման (սրբագրման) և խմբագրման աշխատանքները, միաժամանակ ընթացքում են համաձայնագրի տեքստի թարգմանության աշխատանքները:
- Պարո՛ն Նազարյան, ՀՀ-ԵՄ համագործակցության նոր համաձայնագրի նախաստորագրմանը հաջորդող խմբագրման, սրբագրման աշխատանքները ի՞նչ փուլում են:
-Հայաստանը և Եվրոպական միությունը՝ Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի կողմերը, արդեն իսկ սկսել են տեքստի իրավական հղկման (սրբագրման) և խմբագրման աշխատանքները, միաժամանակ ընթացքում են համաձայնագրի տեքստի թարգմանության աշխատանքները՝ ԵՄ անդամ պետությունների պաշտոնական լեզուներով և հայերենով, քանի որ բանակցություններն ընթացել են տեքստի անգլերեն տարբերակի շուրջ: Այնուհետև, համաձայն ՀՀ օրենսդրության, կապահովվի հայերեն լեզվով տեքստի նույնականացման հաստատումը և տեքստի սրբագրումը և այն ստորագրման նախապատրաստելու տեխնիկական աշխատանքները:
- Մինչ համաձայնագրի ստորագրումը ի՞նչ ընթացակարգեր են ընթանում կամ նախատեսվում:
- Մինչ ստորագրումը նախատեսված են հետևյալ ընթացակարգերը՝ նախաստորագրում, որը, ինչպես հայտնի է, արդեն տեղի ունեցավ այս տարվա մարտին Երևանում, իրավական սրբագրում և թարգմանություն, որի մասին արդեն խոսեցի և Համաձայնագրի ստորագրում: Դրանից հետո կապահովվեն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը: Իրենց հերթին ԵՄ անդամ պետությունները ևս պետք է ապահովեն իրենց պետությունների օրենսդրությամբ նախատեսված ներպետական ընթացակարգերը, և Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի կողմերից այդ ընթացակարգերն ավարտելու մասին վերջին ծանուցումը ստացվելու օրվանից:
- Արդյոք հստակեցվե՞լ են համաձայնագրի ստորագրման ժամկետները: Ե՞րբ տեղի կունենա ստորագրումը:
- Կողմերի ցանկությունն է համաձայնագիրը ստորագրել մինչև տարեվերջ, իսկ եթե ավելի հստակ, ապա այս տարվա նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընթացքում։
- Նախատեսվո՞ւմ է համաձայնագրի տեքստի հրապարակում: Եթե այո, ապա ե՞րբ:
- Համաձայնագրի տեքստը հայկական կողմից կհրապարակվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
- Համաձայնագրի ստորագրմանը նախորդող ընթացակարգերի արդյունքում կա՞ն արդյոք փոփոխություններ փաստաթղթի բովանդակային մասում: Եթե այո, ապա ի՞նչ փոփոխություններ են դրանք:
- Համաձայնագրի բանակցությունների ավարտից ու նախաստորագրումից հետո բանակցված տեքստում փոփոխություններ չեն նախատեսվում։ Համաձայնագրի նախաստորագրումը նշանակում է, որ դրա տեքստը համաձայնեցվել է կողմերի միջև:










