Կրեմլում դրական են գնահատել Լավրով-Թրամփ հանդիպումը

15:18 • 11.05.17

Կրեմլում գնահատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպման արդյունքները: Դեռ շատ աշխատանք կա անելու, բայց փաստը, որ շարունակվում է բարձր մակարդակով զրույց տարվել, դրական է: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Դեռ վաղ է որևէ եզրակացություն անել: Անկասկած, չափազանց դրական է խոսակցության փաստը,  և նախագահներն արդեն ամեն դեպքում երեք անգամ խոսել են հեռախոսով, որպես այդ բարձր մակարդակով երկխոսության շարունակություն՝ դուք գիտեք, որ և՛ պարոն Թիլերսոնն է ընդունելություն ստացել Մոսկվայում, և՛ Լավրովն է ընդունելություն ստացել Վաշինգտոնում, այդ պատճառով, դա անկասկած դրական երևույթ է: Բայց, միևնույն ժամանակ, հարկավոր է, այսպես ասած, զսպված լավատեսություն դրսևորել, որովհետև առջևում մեծ աշխատանք է սպասվում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ տպավորություններ ունի Կրեմլը Լավրովի և Թրամփի հանդիպումից և արդյոք կարելի է խոսել հարաբերությունների որոշակի ջերմացման մասին:


Լավրովը Վաշինգտոն վերջին մի քանի տարվա մեջ առաջին այցի ընթացքում բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ և հանդիպել Թրամփի հետ: Այցի արդյունքներով հայտարարվել է, որ չնայած բոլոր դժվարություններին՝ Մոսկվան և Վաշինգտոնը «կարող են և պետք է» միասին նպաստեն միջազգային՝ այդ թվում Սիրիայում խնդրի կարգավորմանը: