Հրվ. Օսիան ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության հետ պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ է հաստատել

16:01 • 11.05.17

Հարավային Օսիայի արտգործնախարար Մուրատ Ջիոևը և ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության արտգործնախարար Նատալյա Նիկանորովան ստորագրել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր: Այդ մասին հայտնել է Sputnik գործակալության Հարավային Օսիայի ծառայությունը՝ վկայակոչելով Հարավային Օսիայի նախագահի մամուլի ծառայությանը:


Հարավային Օսիան 2014 թվականին ճանաչել է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը: Դոնեցկում և Լուգանսկում կան Հարավային Օսիայի ներկայացուցչություններ, Ցխինվալում՝ Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցչություններ, սակայն, ինչպես նշել է գործակալությունը, գործող ներկայացուցչությունները լիարժեք դիվանագիտական առաքելություններ չեն:


Ստորագրված փաստաթուղթը նախատեսում է դիվանագիտական հարաբերությունների հաստատում և երկու հանրապետություններում դեսպանատների բացում, նշված է հաղորդագրությունում: