Արմեն Բադալյանը հրավիրվել է ՀՔԾ՝ բացատրություն տալու հնարավոր ընտրակաշառքի վերաբերյալ իր կանխատեսումների մասին
Քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն այսօր հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն՝ բացատրություն տալու.
«Ինչ հարցրեցին՝ կայքերից մեկում նշել էիք ընտրակաշառքի մասին, ի՞նչ գիտեք այդ ընտրակաշառքի մասին:Ես ասացի, որ կոնկրետ ոչ մի բան չգիտեմ՝ չեմ լսել, չեմ տեսել, տեղյակ չեմ, ինչ-որ ասել եմ, քաղել եմ մեդիայից՝ համացանցից ստացված տեղեկություններով: Իմ կողմից կոնկրետ որևէ անուն չի նշվել, կոնկրետ որևիցե բան չի նշվել»,- Tert.am-ի հետ զրույցում մանրամասնեց քաղտեխնոլոգը:
Նշենք, որ Արմեն Բադալյանը ՀՔԾ է հրավիրվել մոտ 1ամիս առաջ՝ կայքերից մեկին տված հարցազրույցում՝ խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառք բաժանելու հնարավորության մասին հատվածի առթիվ. «Ընտրական տեղամասերում շատ դժվար է դարձել կեղծիքներ անելը, քանի որ ընտրական օրենսգիրքն է փոխվել, արևմուտքը որոշակի ազդեցություն ունի և խստորեն հետևում է Հայաստանի ընտրական գործընթացներին: Հետևաբար, քաղաքական որոշ ուժերի համար հույսը ընտրակաշառքն է ու արդեն իսկ 20 հազար դրամ բաժանում են: Քվեարկության օրը՝ երեկոյան ժամերին, այդ գումարը կհասնի մինչև 50 հազար դրամի»:
Արմեն Բադալյանը կարծում է, որ այսքանով իր այցելությունները ՀՔԾ կավարտվեն. «Որովհետև իրենք էլ հասկացան, որ հիմարություն է և որ ընտրակաշառքի մասին բոլորն են խոսում: Սկսած ամերիկյան դեսպանատան հայտարարությունից, մինչև քաղաքական ուժեր, համացանցն էլ լցված է ընտրակաշառքի վերաբերյալ լուրերով»:










