Մեծ Բրիտանիայում կինն ավելի քան 583 մլն դոլար կստանա իրեն դավաճանած օլիգարխ ամուսնուց
Մեծ Բրիտանիայում բնակվող, նավթի, գազի արդյունահանման բիզնեսով զբաղվող օլիգարխներից մեկի (անունը չի նշվում) նախկին կինը դատարանի որոշմամբ ավելի քան 583 մլն դոլար կստանա նախկին ամուսնուց, գրում է The Guardian-ը՝ նկատելով, որ սա Միացյալ Թագավորության դատարանների կողմից ամուսնալուծության վերաբերյալ երբևէ կայացված ամենաթանկարժեք վճիռներից մեկն է:
Պարբերականը նշում է, որ 61-ամյա օլիգարխը ծնունդով Կովկասից է, մինչդեռ նրա 44-ամյա կինը՝ Եվրոպայից:
Երկուսն էլ մեծացել են Մոսկվայում ու հանդիպել 1989թ.: Զույգը Լոնդոն է տեղափոխվել 1993թ. և ունի 2 երեխա: Ե՛վ ամուսինը, և՛ կինը մեկը մյուսին մեղադրում են արտամուսնական կապերի մեջ լինելու համար:
Կինը, դիմելով դատարան, նշել է, որ իրեն 51 մլն դոլար է հարկավոր Անգլիայում տուն, ինչպես նաև 36 լն դոլար՝ արտերկրում անշարժ գույք գնելու համար: Բացի այդ, առաջիկա 1 տարին ապրելու համար նա ամուսնուց պահանջել է 7 մլն դոլար:
Դատավոր Ջասթիս Հադոն Քեյվը վճռել է, որ օլիգարխը պարտավոր է նախկին կնոջն ավելի քան 583 մլն դոլար վճարել:










